Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մայիսի 17-ին՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, որը կկայանա հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում, տոնական միջոցառում է մեկնարկել (ֆոտոռեպորտաժ)։
Օդանավակայանի տարածքում աշխարհահռչակ ֆուտբոլիստների մանեկեններ են տեղադրվել, որոնց թվում են Կրիշտիանու Ռոնալդուի, Լիոնել Մեսիի, ինչպես նաեւ տաղանդավոր հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մանեկենները։
Միջոցառման շրջանակում նաեւ Բրազիլիայի, Արգենտինայի, Ռուսաստանի եւ այլ երկրների ֆուտբոլային մարզաշապիկների խաղարկություն է կայացել։ Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն հանել է լոտը, որը Բրազիլիայի հավաքականի շապիկն էր, եւ նվիրել պատանի երջանիկին՝ նաեւ խնդրելով ֆուտբոլային գնդակով մի քանի հնարք կատարել, ինչին պատանին ուրախությամբ համաձայնել է։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բրազիլիայի դեսպանը նշել է, որ իր համար բոլոր ժամանակների ֆավորիտը բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն է, իսկ Բրազիլիայի ներկայիս թիմից՝ Նեյմարը։ Հայաստանի հավաքականից դեսպանի ֆավորիտը Հենրիխ Մխիթարյանն է։ Նա նաեւ նշել է, որ Մխիթարյանը որոշ ժամանակ նաեւ Բրազիլիայում է խաղացել։
«Այդ պատճառով մեզ համար նա նաեւ մի փոքր էլ բրազիլացի խաղացող է», - կատակել է դեսպանը։ Նրա համոզմամբ՝ որոշ դետալներին ուշադրություն դարձնելու դեպքում Հայաստանի հավաքականը կարող է մասնակցել աշխարհի առաջնությանը։
Միջոցառմանը նաեւ ներկայացվել է օդանավակայանի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար։
Նշենք, Հայաստանի համար աննախադեպ միջոցառմանը ներկա էր Հայաստանում Արգենտինայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչ Ադրիանա Տրոտան, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը, նաեւ՝ գլխավոր մենեջեր Մարկոս Վենդեն։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am











