Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանը հասարակ ու պարզ էր մարտի դաշտում. առաջինը մտածում էր իր զինվորի, այնուհետեւ իր մասին։ «Ինքը լրիվ ցնցոտիների մեջ հարցնում էր՝ «էն վերջին զինվորը ստացա՞վ», մինչեւ չստանար ինքը չէր վերցնի այդ համազգեստը, չնայած ինքը լրիվ ցնցոտիների մեջ էր, հագինն էլ մի հատ ռեզինից սապոգ էր, բատինկա էլ չուներ տղեն։ Մոնթեն ընդհանրապես հայհոյել չգիտեր, նրա ամենավատ բառը, որ ասում էր՝ «քեշ բան ըրիր, էշ կամ աբուշ»,-հիշեց Մոնթեի մարտական ընկեր Արտաշես Ահարոնյանը («Ռազվեդկի կոմանդոս» Արտո), որը հունիսի 12-ին՝ Մոնթեի մահվան օրը, մարտական ընկերների հետ այցելել էր Եռաբլուր։
Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանն առաջինն էր, որ Մոնթեին տարավ Արցախ.«1991 թ-ին Մոնթեին հանդիպեցինք, ծանոթացանք, ինքն ասաց,որ ուզում է գնալ Ղարաբաղ: Ես բերեցի Մոնթեին, ծանոթացրեցի տղաներին ու գնացինք Շահումյան»: Ազատամարտիկի խոսքով՝ Մոնթեն «ազգի գիժ» մարդ էր, բարոյապես հզոր, զարգացած անձնավորություն, ռազմական գործում վարպետ: «Մոնթեն իր ընկերների հետ մի կտոր չոր հաց կիսվող անձնավորություն էր, որը ամեն օր, որ զարթնում էր, ուզում էր մի թիզ հող ավելի գրավել, ինքը էդ անձնավորությունն էր: Նույնը մնացած տղաներն են այ սենց եղել, որոնք, որ էսօրվա օրով ազգի ու ժողովրդի կողմից անտեսված են»,-ասաց Կարեն Մելիքբեկյանը:
Ազատամարտիկը Մոնթեի հետ կապված մի պատմություն հիշեց, երբ Մոնթեն իր ծննդյան օրը մարտական ընկերներին չի թույլատրել խմել իր կենացը եւ շնորհավորել իր ծնունդը.«Երբ որ նոյեմբերի 25-ին առաջին անգամ Մոնթեի ծննդյան օրը նշում էինք Շահումյանում, հավաքված տղաներով ուզում էինք մի կտոր հաց ուտել եւ իր կենացը խմել: Մենք բաժակ բարձրացրեցինք, Մոնթեն ձեռքը խփեց սեղանին, ասաց՝ ոչ մեկս չխմենք, ասինք՝ Մոնթե ինչի՞ համար, ասաց՝ իմ առողջության համար մի խմեք, ու սկսեց բարկանալ «Յու, դուք բոլորդ աբուշ եք, ազերիները 30 մետր այն կողմ են, հարբած զինվորը չի կարող ճիշտ կրակել, դրա համար ոչ մեկդ իմ առողջության կենացը մի խմեք»:











