Աֆրիկյանների տան՝ Տերյան 11 հասցեի բնակիչ Վահե Ղուկասյանը չորս տարի կալանավայրում անցկացնելուց հետո տուն է վերադարձել եւ տեսել, որ իր տունը քանդել են, բայց նա չի պատրաստվում դուրս գալ շենքից. թեեւ գիտակցում է, որ դա վտանգավոր է, բայց տղայի հետ շարունակելու է ապրել այդտեղ: Այս մասին այսօր՝ հունիս 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Ղուկասյանը:
«Ես Մարգարյան հիվանդանոցում եմ ծնվել ու 54 տարի այստեղ եմ ապրում: Չորս տարի կալանավայրում էի, եկա, տեսա՝ քանդել են տունս, նենց են քանդել, որ չեմ կարողանում բարձրանամ վերեւ, իմ տունը երկրորդ հարկում էր: Հիմա տակի հարեւանի տանն եմ մնում, մինչեւ տենանք՝ մեր հարցերը ինչ ա լինում: Կալանավայրում եմ հայտնվել, որովհետեւ կռիվ եմ արել, մարդ չեմ կերել, իսկ նենց ընդհանրապես շատ եմ եղել, էլի, բայց փաստորեն հիմա ինձ ընդհանրապես հաշվի չեն առնում: Տղես էլ Ղարաբաղ ա ծառայել, եկել, տենում ա՝ իրա տունը չկա: Բայց մենք ստեղից դուրս չենք գա, մինչեւ մեր հարցերը չլուծեն»,- բողոքում էր բնակիչը:
Բնակչի խոսքով՝ ինքն արդեն հոգնել է պայքարելուց, ասում է՝ կալանավայրում ավելի լավ էր, քան ազատության մեջ.
«Ես շենքից դուրս չեմ գալու, թող տանեն, կալանավորեն: Ավելի լավ ա՝ էլի գնամ, կալանավայրում մնամ. բաղնիքն էլ կա, հացն էլ կա, ջուրն էլ կա, ստեղ ի՞նչ կա, սաղ օրը կռիվ եմ անում»:
Վահե Ղուկասյանը պատմեց՝ ինքը շատերին է դիմել, որպեսզի իր խնդիրը լուծեն, բայց անօգուտ:
«Այստեղ ինձ անընդհատ գրանցել, հանել են, գրանցել, հանել: Հիմա էլ ասում են՝ դու կալանավայրում ես եղել ու մենք չենք իմացել քո մասին: Ով գրանցված ա եղել, նրանց հարցերն ենք լուծել մենակ»,- պատմեց բնակիչը:
Նշենք, որ ձեւավորվել է «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնություն, որն ամենօրյա բողոքի ակցիաներ է անցկացնում եւ պայքարում շենքի ապամոտնաժման դեմ:
Հիշեցնենք՝ քաղաքացիական ակտիվիստները պահանջում են չքանդել ու չտեղափոխել 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին կառուցված Աֆրիկյանների շենքը, որը Խորհրդային տարիներին ծառայել է որպես բազմաբնակարան շենք։ 2004թ. կառավարությունը Աֆրիկյանների տունը ներառեց պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի հավելվածում, ինչը նշանակում է, որայն ենթակա է տեղափոխման։ Այնուհետեւ տարածքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվեց «Դվին հոլդինգին»։ Սեփականատերերը վստահեցնում են, որ շենքի քարերը համարակալվել են եւ անվտանգ կտեղափոխվեն այլ վայր, ապա «Հին Երեւան» նախագծի տարածք, սակայն ակտիվիստները թերահավատորեն են վերաբերվում այս պնդմանը՝ վստահեցնելով, որ պատմամշակութային արժեք ունեցող շենքը վերջնականապես կոչնչացվի։











