Ինչպես լինում է անհայտ, անծանոթ իրավիճակում, առաջին անգամ պարապլանով թռչելու գնալիս մի փոքր հուզվում էի: (ֆոտոռեպորտաժ)
Ամառային այդ օրվա մոտենալուն զուգընթաց, երբ պետք է կատարվեր տանդեմային թռիչքը, հուզմունքս մեծանում էր եւ տարբեր «բա որ հանկարծ»-ները ավելի հաճախ էին ծագում գլխումս:
Վերջապես մենք՝ NEWS.am-ի երկու թղթակիցներս, ճանապարհին ենք՝ ավագ հրահանգիչ-մեթոդիստ Հարություն Աճեմյանի եւ նրա հմայիչ կնոջ՝ դարձյալ պարապլաներիստ Արմինե Զոհրաբյանի ընկերակցությամբ:
Գնում ենք Ախթամար: Հետո կգնանք վերհան մեքենայով, հետո ոտքով կմագլցենք բլուրը: Ներքեւում Սեւանն է: Մենք քամու ենք սպասում:
Պարապլաներային մարզաձեւի նախահայրը Օտտո Լիլիենթալն է: 19-րդ դարավերջին նա առաջին անգամ Գերմանիայում պատրաստել էր պլաներ եւ դրանով թռել լեռան ստորոտից: Շատ ավելի ուշ՝ 1960-ականներին, NASA-ի ծրագրերից մեկի շրջանակում, Ֆրենսիս Ռոգալոն նախագծել էր մի սարք, որը հիշեցնում է դելտապլանի նախատիպը: 1970-ականներին հայտնվեց նոր կառուցվածքով պարաշյուտ՝ ուղղանկյուն, կառավարվող: Հենց դա եղավ պարապլանի նախածիծեռնակը: Այսօր պարապլաներային սպորտն աշխարհում համախմբում է 100 հազար մարդու: Հայաստանում այս մարզաձեւի հիմնադիրը Ռաֆիկ Սոխոյանն է: Հենց նրա շնորհիվ՝ հեռավոր 1996-ին, Հայաստանում հայտնվեցին առաջին պարապլանները, ինչից էլ սկսվեց Հանրապետությունում այդ մարզաձեւի զարգացումը:
Տանդեմային թռիչքի դեպքում ուղեւորն ավելի շատ բեռան կարգավիճակում է, ուստի հատուկ պատրաստվածության կարիք չկա: 10 րոպեանոց հրահանգավորում, եւ դուք պատրաստ եք նոր տպավորությունների: Կողքից նայելիս հիշեցնում էր «Ավատար» ֆիլմի Տուրուկ Մակտոյի թռիչքի պատրաստությունը. քամին ծածանում է թեւը, օդաչուն սանձում է այն:
Վերջապես բոլորը պատրաստ են, քամին բարձրացնում է թեւը, հրահանգները թռել են գլխիցդ, եւ դուք (գոնե իմ դեպքում այդպես էր) ընկնում եք: Հաջորդ պահին արդեն երկնքում եք: Տպավորությունները բառերով հաղորդելը շատ դժվար է: Սեւանն ափիդ մեջ է, հեռվում Հրազդանն է, Ծաղկաձորը: Ակամայից հիշում ես գերհսկա ճոճանակները:
Պարապլաներիզմը Հայաստանում նոր երեւույթ չէ: Վերեւում նշեցինք, որ հիմնադիրը Ռաֆիկ Սոխոյանն է, ով այժմ Ռուսաստանում է բնակվում: Ներկայումս Հայաստանում պարապլաներային սպորտի միակ հրահանգիչը Հարություն Աճեմյանն է: Նա նաեւ մեկն է այն մի քանի օդաչուներից, ովքեր տանդեմային թռիչքներ են իրականացնում:
Հենց Հարություն Աճեմյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայաստանում պարապլաներիզմի նպատակների, ձեռքբերումների, խնդիրների եւ հեռանկարների մասին:
«Մանուկ հասակից երազում էի օդաչու դառնալ, բայց պատանեկությանս տարիներին, որը համընկավ մեր երկրի համար դժվար ժամանակաշրջանին, հնարավորությունները սահմանափակ էին: Թռիչքային ուսումնարան կար, բայց բացառապես ռազմական օդաչուների համար էր: Քաղավիացիայով զբաղվել ցանկացողների համար հնարավորություններն ավելի քան սահմանափակ էին:
1999թ. թերթում աչքովս հայտարարություն ընկավ դելտապլանով եւ պարապլանով թռիչքներ սովորեցնելու համար խումբ հավաքելու մասին: Ես առանց մտածելու գնացի: Այդպես սկսվեց իմ ծանոթությունը «Փոքր ավիացիայի ակումբի» հետ, այն ժամանակ դա «ԴՈՍԱԱՖ»-ի դուստր կազմակերպությունն էր:
2002-ին դուստր կազմակերպության կարգավիճակը վերացվեց եւ ակումբը հայտնվեց «օդում»: Այսինքն՝ մարդիկ կային, կարգավիճակ չկար:
2000թ. երկրորդ տարեշրջանին Հարություն Աճեմյանը վնասվածք է ստացել: Կես տարի անց՝ համալսարանն ավարտելուց հետո, գնացել է բանակ: Բանակից վերադառնալուց հետո՝ 2004թ.-ից, վերսկսել է թռիչքները: «Նույն թվականին մենք դարձանք Հայաստանի ավիացիոն մարզաձեւերի ֆեդերացիայի սեկցիաներից մեկը՝ այդ կարգավիճակով մնալով մինչեւ 2008թ., երբ հիմնադրվեց «Հայաստանի պարապլաներային սպորտի ֆեդերացիան»: Ֆեդերացիայի նախագահն է Կարեն Հովհաննիսյանը: Հարություն Աճեմյանը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, աշխատել է տարբեր ընկերություններում: «Բայց արդեն մի քանի տարի է՝ պարապլաներիզմն իմ հիմնական աշխատանքն է»:
Ֆեդերացիան գործունեություն է ծավալում երկու ուղղություններով՝ թռիչքային ուսուցում եւ տանդեմային թռիչքներ: «Ինչի համար են տանդեմային թռիչքնե՞րը: Մեկը ցանկանում է հասկանալ՝ ինչ է պարապլաներիզմը, մյուսը ծուլանում է սովորել, մեկ ուրիշը պարզապես ցանկանում է իմանալ՝ ինչ է այն, առանց ամբողջ կյանքը դրան նվիրելու»:
Ֆեդերացիայի անդամների հստակ թվի մասին խոսելը դժվար է. եթե հաշվենք ուսումնական դասընթացն անցնողներին, շատ են: Բայց ակտիվ օդաչուները 10-15 հոգի են: Այնպես ստացվեց, որ ակումբի գրեթե բոլոր անդամները Երեւանից են՝ չհաշված ակումբի արտասահմանցի օդաչուներին: Բայց թռիչքներն անցկացվում են ամբողջ Հայաստանով մեկ:
«Սա շատ յուրահատուկ մարզաձեւ է: Այն էնտուզիաստների կարիք ունի: Իմ առաջնահերթ խնդիրը գաղափարի մարդկանց համախմբելն է: Այսինքն՝ ի սկզբանե ճախրելու գաղափարով տոգորված մարդկանց: Նրանց, ում ձգում են թռիչքները՝ անկախ նրանից՝ ինչով են թռչում»:
Նախապատրաստական դասընթացը մոտ 10 ամառային օր է ձգվում: Եթե ուսուցումը խմբակային է, ամեն շաբաթ անցկացվում է՝ թռիչքային 1 օրով: Իհարկե, եթե ժամանակն ու եղանակը ներում են, ավելի լավ է՝ 2 օր, բայց սովորաբար 1-ն է լինում: Եվս 11 օր հատկացվում է տեսությանը: Անհատական պարապմունքների դեպքում ուսուցումը կարճ է, բայց ինտենսիվ:
Սկզբում գետնի վրա սովորում են կառավարել պարապլանը, հետո աստիճանաբար բարդանում է: Առաջին թռիչք ի ժամանակ ոտքերը 2-3 մետր են գետնից բարձրանում: Եթե մարդը ճիշտ է գնահատում եղանակային իրավիճակը եւ թռիչքի հետագիծը, ճիշտ թռիչք եւ վայրէջք է կատարում, դա բավական է թռիչքի համար, այսինքն՝ բարձրությունն արդեն նշանակություն չունի, նշանակություն ունի թռիչքային սկզբունքների ճիշտ յուրացումը:
Հիմնական դասընթացն ավարտելուց հետո տրվում է հավաստագիր՝ համապատասխան պատրաստվածության աստիճանի վերաբերյալ: Հետո օդաչուն շարունակում է մեզ հետ կատարելագործվել, այսպես ասեմ՝ մեր շրջապատում, ինքնուրույն: Իսկ մասնագիտական աճի հնարավորությունը միշտ կա: Պարապլաներային սպորտի համար տարիքային նվազագույն շեմը 16-ն է: Վերին շեմ չկա, կարեւորվում է ֆիզիկական վիճակը:
«Հակառակը, որքան մարդը փորձառու եւ տարեց է, այնքան սառնասրտորեն եւ ճիշտ է դատում: Օրինակ՝ անգլիացի Ռիչարդ Ուոքինգը: Եկավ մեզ մոտ գրեթե 60 տարեկանում: Սովորեց եւ թռչում էր»: Օդաչուների շարքերում աղջիկներ շատ կան եւ միշտ էլ շատ են եղել:
Ըստ նրա՝ պարապլանով թռիչքը ֆիզիկական լուրջ ծանրաբեռնվածություն չի ենթադրում եւ մեծ պատրաստվածություն չի պահանջում: Կարեւորը՝ մարդը լուրջ հիվանդություններ չունենա: Ինչ վերաբերում է պարապլանի անմիջական կառավարմանը, ապա, ըստ Հարություն Աճեմյանի, այն պարզունակ է, կոպիտ ասած՝ երկու պարան:
«Այլ հարց է, որ պետք է հասկանալ՝ երբ եւ ինչպես ձգել պարանները: Ամբողջ հարցն այն է, որ պարապլաներային սպորտը պարապլանի անմիջական կառավարմամբ չի վերջանում: Տեղեկատվության գնահատականը կապված է օդաբանության, ռելիեֆի, շրջակա միջավայրի այլ չափորոշիչների հետ»:
Ձմռանը պարապլաներային սպորտը հանգստի վիճակում է. «Ինքներդ պատկերացրեք երեքժամյա զբոսանք դեպի լեռան բարձունքը՝ 25 կգ բեռով եւ մինչեւ գոտկատեղը ձյան մեջ թաղված: Եվ այս ամենը՝ 15 րոպե թռչելու համար. կարճ՝ օդային ուժեղ հոսանքների բացակայության պատճառով»:
Եթե ավիացիոն մնացած մարզաձեւերի հետ համեմատենք, կարելի է ասել, որ պարապլաներիզմն ամենաէժանն է: Բայց եթե լողի կամ շախմատի հետ համեմատենք, իհարկե, ավելի թանկ է:
Նոր սարքավորումն արժե մոտ 5 հազար եվրո, բայց կարելի է օգտագործվածը ձեռք բերել 1,5 հազար եվրոյի սահմաններում: Կարելի է վարձով թեւ վերցնել: Ֆեդերացիան ունի պարապլաններ, որոնք տրամադրվում են սովորողներին:
Ցավոք, սովորելու եկածներից ոչ բոլորն են մնում պարապլաներային սպորտում, նշում է Հարություն Աճեմյանը: «Ինչու են մարդիկ հեռանո՞ւմ: Պատճառները շատ են: Ինչ-որ մեկն ընթացքում հասկանում է, որ դա իրենը չէ: Միգուցե հիմա՝ Ինտերնետի զարգացման շրջանում երիտասարդներն ընտրության ավելի մեծ հնարավորություն ունեն: Մեր ժամանակ ընտրությունն ավելի սահմանափակ էր: Նաեւ պետք է նշել, որ որոշ դեպքերում մարդիկ պարզապես չեն հասունացել ընտրությունը գիտակցելու համար:
Իմ տարեկիցները հստակ գիտեին՝ ինչ են ուզում: Այժմ նույնը չեմ կարող ասել երիտասարդ սերնդի մասին: Մի քանի պարապմունքի գալիս են եւ հրաժարվում, կամ լիցենզիա ստանում ու չեն թռչում, Ֆեյսբուքում մի քանի լուսանկարներ են տեղադրում եւ դրանով հետաքրքրվածությունն ավարտվում է»:
Պարապլաներային զբոսաշրջության զարգացման տեսանկյունից Հայաստանը մեծ հեռանկարներ ունի: Մեր փորձառու օդաչուներից մեկը՝ Արմեն Սարգսյանը, ակտիվ զբաղվում է այս հարցով: Գալիս են խմբեր, նրանց օգնում են տեղավորվել, ապահովում են տրանսպորտով, թռիչքի համար հարմար տեղերը ցույց տալիս: Բնականաբար՝ վճարովի:
Հայաստան այցելած բոլոր պարապլաներիստները շատ լավ են արտահայտվում՝ թռիչքային պայմանները ուղղակի գերազանց են: Հայաստանի սարերը շատ հարմար են պարապլանով թռիչքների համար: Կովկասի կամ Հիմալայների նման կորնթարդ լեռները գեղեցիկ են, բայց վտանգավոր:
Ավելի ճիշտ՝ դրանք առավել փորձառու մարզիկների համար են: Հայաստանի լեռները, մեր ռելիեֆի առանձնահատկությունները թույլ են տալիս թռչել մարդկանց լայն խմբերին, որոնք ամենատարբեր փորձն ունեն»:
Արտասահմանում ամեն ինչ շատ ավելի բարդ է: «Այնտեղ անհնար է թռչել որտեղից մտքովդ անցնում է: Թռիչքների համար հարմար բոլոր տեղերը ակումբներին են պատկանում: Սա վերաբերում է նաեւ օդային տարածքին: Այսպիսով, կարելի է խոսել մեր իրավական դաշտի թերզարգացածության մասին: Իհարկե, դա մեզ մեծ ազատություն է ընձեռում», - նկատեց Աճեմյանը:
Համաշխարհային ձեռքբերումների դափնին՝ առավելագույն բարձրության հասնելու իմաստով, պատկանում է գերմանացի մարզուհի Եվա Վիսներսկային: Իհարկե, սա ռեկորդների շարքից չէ, այլ երջանիկ ավարտով արտակարգ պատահարների: Մարզումների ժամանակ նա հայտնվել է գազային ամպում, եւ այն նրան բարձրացրել է ավելի քան 9 հազար մետր:
Մոտ 6 հազար մետր բարձրությունում կորցրել է գիտակցությունը: Նրա 9 հազար մետր բարձրանալու վերաբերյալ հայտնի է դարձել բարձրաչափի տվյալներից: Հետո ամպը բաց է թողել, աստիճանաբար սկսել է ուշքի գալ եւ կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել: Ամպրոպային ամպում թռչելու հետեւանքն էին խոշոր կարկտից մնացած կապտուկները:
Մեծ բարձունքների սիրահարները թռչում են Հիմալայների շրջանում, որտեղ հաջողվում է բարձրանալ 6 հազար մետր եւ ավելի: Բայց սա արվում է գիտակցաբար, համապատասխան պատրաստվածությամբ, անհրաժեշտության դեպքում՝ թթվածնային դիմակով: Հայաստանի պայմաններում չորս հազար մետր բարձրանալն արդեն լավ արդյունք է:
«Սակայն իմ նպատակը զբոսաշրջիկների հրապուրելը եւ նույնիսկ նոր օդաչուներ պատրաստելը չէ: Իմ նպատակն է Հայաստանում զարգացնել պարապլաներային եւ գերթեթեւ ավիացիայի այլ մարզաձեւերը՝ հենց հայ օդաչուների միջոցով: Իմ նպատակն է ավիացիայի սիրահարների գտնել: Ես ինքս այդպիսին եմ, իմ գործընկերներն էլ: 2004 թ., երբ մենք սկսում էինք ձեւավորել ներկայիս ֆեդերացիայի կորիզը, այդպիսի մարդիկ կային: Հետո իրավիճակը փոխվեց: Առանց գաղափարի մարդկանց կորիզ ձեւավորելն անհնար է: Սակայն հավատում եմ, որ Հայաստանում դեռ կան ավիացիայի սիրահարներ: Հնարավոր է՝ նրանք պարզապես չգիտեն մեր գոյության մասին, եւ այդ պատճառով էլ իմ խնդիրն է գտնել նրանց: Ես պատրաստ եմ ուժերի ներածին չափով օգնել նրանց», - նշել է Հարություն Աճեմյանը:
Ֆեդերացիան պաշտոնական կայք ունի՝ paragliding.am: «Պարապլաներիզմը նորույթ չէ Հայաստանի համար: 1996 թվականից անցել է 18 տարի, բավական փորձ է կուտակվել»:
Անձնական ձեռքբերումների մասին Հարություն Աճեմյանն առանց ոգեւորության է խոսում. «Ինձ քիչ են հետաքրքրում ռեկորդները, եւ դրանք այնքան էլ տպավորիչ չեն: Ես մարզիկի դերում հանդես չեմ գալիս ձեռքբերումներով պարծենալու համար: Ես ցանկանում եմ, որպեսզի Հայաստանում զարգանա այս մարզաձեւը, եւ այն զարգանալու հեռանկար ունի: Սակայն խնդիրն այն է, որ մարդիկ ոչ թե քիչ գիտեն մեր մասին, այլ մեծ հաշվով նրանց հասնում է սխալ տեղեկություն: Մանսավորապես, միտում կա անտեսելու Հայաստանում պարապլաներային սպորտի՝ որպես իր ավանդույթներով, պատմությամբ կայացած միավորի գոյության փաստը», - ցավով նշեց Հարություն Աճեմյանը:
«Ինձ համար թռչելը հանգստություն է, սեփական խոհերին տրվելու հնարավորություն: Կյանքի մասին խորհելու, առօրյայից հանգստանալու», - ամուսնու խոսքերն է ամփոփում Արմինե Զոհրաբյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











