Զինվորների մայրերին ուժ է պետք, թող մտածեն, որ իրենց որդիները մեր հայրենիքի, մեր խաղաղ գիշերները պահպանելու համար են գնում սահման: Հուլիսի 27-ին ԼՂՀ-ում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայող Արմեն Պետրոսյանի մայրը՝ Սիլվա Կարապետյանը, հորդորում է մայրերին չանհանգստանալ, միայն աղոթել զինվորների համար:
«Թող աղոթեն միայն, որ խաղաղություն լինի, ամեն մեկը մի տան հույսն ու լույսն է: Ուզում եմ այնքան խաղաղ լինի, որ մեզ էլ բանակ անգամ պետք չլինի»,- NEWS.am-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ասաց տիկին Սիլվան:
Արմենը, ում ծառայության մնացել է 4 ամիս, վիրավորվել է ոտքից, նրա ոտքը մի քանի օր հետո կվիրահատեն: Մայրը վստահ է, որ ապաքինվելուն պես, նա կգնա իր ծառայակից ընկերներին օգնելու. «Որ պետք լինի, ես չեմ կարող նրա դեմն առնել, առանց բանակ մեկնել էլ նա հայրենասեր էր, հայրենիք համար ոչ մի բան ինքը չի խնայի, ինքը կգնա»:
Հարցին, արդյոք կցանկանա՞ր վաղը դիրքեր բարձրանալ, եթե ոտքը վիրավոր չլիներ, Արմեն Պետրոսյանը, որը ծնունդով Վեդի քաղաքից է, պատասխանեց՝ «Հաստատ կգնայի ու ապաքինվեմ կգնամ, քանի որ իմ ընկերներն են սահմանին, իրանց հետ քսան ամիս ծառայել եմ : Իրանք են ընդեղ կանգնած, հաստատ իրենց թեկուզ մի հոգին էլ պետք ա, դա իրանց համար ուժ ա»:
Արմենը NEWS.am-ին պատմեց հուլիսի 27-ին իրենց դիրքերում տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
«Դիտորդ էի էդ գիշերը: Դեպքը եղել ա ժամը հինգն անց կես: Ես ու պոստավիկս կանգնած էինք, պոստավիկս ասեց՝ Արմեն փախի սնարյադ ա գալիս ու ես չհասցրեցի, ամեն ինչ միանգամից եղավ, ընկավ կողքս ու ինձ երեք չորս մետր հետ շպրտեց: Աչքերս բացեցի ծուխ էր, կարեւորը կարողացանք լավ կողմնորոշվել, միայն ես էի վնասվել: Իրանք 200 մետրի վրա էին, իրենց տեսնում էինք, բայց չէինք կրակում, պետք է հրաման գար, որ նոր կրակեինք»:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին լարված է: Ադրբեջանական կողմն ունի առնվազն 25 զոհ, 30 վիրավոր:











