Վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման հետ կապված՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումներն ակտիվացրել են հայկական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները: Այս առիթով NEWS.am-ի թղթակիցներն այցելել են Տավուշի մարզի մի քանի գյուղեր եւ տեղում ծանոթացել բնակչության տրամադրություններին (ֆոտոռեպորտաժ):
Գենյա տատը երկար գդալով խառնում է սրճեփի սուրճն ու լցնում բաժակները: Եվ անընդհատ կրկնում է. «Խմե՛ք, երեխեք, կերե՛ք»: Վառ ծաղիկներով շրջապատված՝ քարե սեղան է եւ երկու նստարան՝ առանց թիկնակի: Փոքրիկ այգին տան հետնամասում է եւ այստեղ համեմատաբար անվտանգ է, այն դեպքում, եթե հանկարծ նորից սկսեն կրակել:
Ժամանակին Գենյա տատն աշխատել է գյուղատնտեսությունում, կիտրոնի աճեցման ձեռնարկությունում: Ղարաբաղյան հակամարտությունը նրան եւ հազարավոր այլ սովորական մարդկանց վերածեց սահմանամերձ շրջանների բնակիչների, ովքեր շարունակում են ապրել ամենօրյա կրակահերթերի սպառնալիքի ներքո:
Տատի տունը Կայան ավանում վերջինն է, տնից մինչեւ սահման շուրջ 500 մետր է: «20 տարի շարունակ կիտրոն էի աճեցնում, առաջին տարին բերքը 4.5 տոննա էր: Հիմա այգին չկա, պատերազմն այն պարզապես ոչնչացրեց»,- արդեն առանց դառնության ասում է տարեց կինը:
Ադրբեջանի կողմից պարբերաբար կրակում են, սովորույթը բթացրել է զգացմունքները: «Ասել, որ ոչ ոք չի վախենում, ճիշտ չէր լինի: Ոչ մի բանից միայն հիմարները չեն վախենում: Բայց կրակոցների պատճառով հայրենի հողից հեռանալ ոչ ոք չի պատրաստվում: Մենք մեր տները չլքեցինք պատերազմի ժամանակ, առավել եւս հիմա այդ չենք անի»,- մոր՝ Գենյա տատի խոսքն է շարունակում նրա դուստր Գրետան:
Պատերազմի եւ դրան հետեւած ավերածությունների արդյունքում շատ բան կորցրած Գենյա տատը չի դաժանացել: «Այո, ճիշտ է, պատերազմ էր, հիմա նույնպես մեկ էլ տեսար՝ նորից սկսվեց, բայց ամեն դեպքում պետք է ընդհանուր լեզու գտնել: Հակառակ դեպքում ի՞նչ է ստացվում. կսպանենք իրար, իսկ այդ դեպքում ո՞ւմ է պետք այն հողը, որտեղ մարդիկ չկան»,- փիլիսոփայական հարցադրում է անում Գենյա տատը:
«Ոչ ոք չի ցանկանում իր չարչարանքի արդյունքները քամուն տալ: Ես, օրինակ, ազատ տիրապետում եմ ադրբեջաներենին, եւ նրանց հաղորդումներն եմ դիտում: Չէ՞ որ շարքային ադրբեջանցիները նույնպես տառապում են եւ ամենեւին պատերազմ չեն ուզում: Մի՞թե երիտասարդ որդուն գերեզման իջեցնող ադրբեջանցի մայրը չի տառապում: Պարզ ժողովուրդը խաղաղություն է ուզում, ցանկանում է հանգիստ իր հողը մշակել»: Ճակատագրի հեգնանքով՝ ոչ հեռու, չեզոք գոտում, դեռեւս խորհրդային ժամանակներում տեղադրված անդրկովկասյան ժողովուրդների բարեկամության հուշարձան է կանգնած:
Նախկին Շամշադինի շրջկենտրոնի Բերդ քաղաքի ուղղությամբ ճանապարհը վերջերս նույնպես անհանգստության առիթ է տալիս. ադրբեջանական դիպուկահարները «հետաքրքրվել են» դրանով, եւ քաղաքացիական տրանսպորտի ուղղությամբ կրակոցների մի քանի դեպքերից հետո որոշվել է կառուցել շրջանցիկ ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը: Տեղ-տեղ կառուցվող ճանապարհի ուղղությամբ կրակում են, եւ կառուցվող հատվածներում 10 մետր բարձրությամբ պաշտպանիչ պատ է կառուցվում: «Կրակում են ամեն օր: Ճանապարհի, տրանսպորտի ուղղությամբ: Խանգարում են աշխատել»,- դժգոհում են շինարարները: Ամեն դեպքում, ճանապարհի կառուցումը շարունակվում է, չնայած ժամանակացույցից հետ են ընկնում:
Ադրբեջանական կողմի հետ Տավուշի սահմանի երկարությունը շուրջ 250 կիլոմետր է: Ընդ որում, ավելի քան երկու տասնյակ գյուղեր գտնվում են կրակոցների գոտում: Ամենահեռավոր եւ առավել ակտիվ կրակոցների է ենթարկվում Չինարի գյուղը:
Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ NEWS.am-ի թղթակիցներին չհաջողվեց զրուցել, քանի որ ողջույնի առաջին խոսքերից հետո տեղեկություն ստացվեց գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գերեվարության մասին:
Գյուղից ներքեւ տեղակայված ադրբեջանական դիրքերը բնակիչներին բավական հոգս են պատճառում: Հանդարտ ժամանակաշրջանները փոխվում են գյուղի եւ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ուղղությամբ կրակոցներով: Բառացիորեն մի քանի օր առաջ գնդակոծել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակության ավտոմեքենան, որոնց գյուղացիները դիմել էին՝ խնդրելով օժանդակել բերքահավաքը կազմակերպելուն: Գյուղացիները պատմում են, որ անվտանգության երաշխիք են տվել մինչեւ ժամը 19:00-ն: «19:01 րոպեին ադրբեջանցիները կրակ բացեցին: Վնասվեց Կարմիր խաչի մեքենայի դիմապակին, իսկ աշխատակիցներն իրենք հազիվ կարողացան դուրս պրծնել այնտեղից»,- պատմեց բնակիչներից մեկը:
Չնայած կրակոցներին՝ Չինարիի բնակիչները չեն վհատվում: Համայնքապետարանի շենքի կողքին նարդիի մրցաշար է, բակերից մանկական զրնգուն ձայներ են լսվում, գյուղից դուրս կոմբայն է աշխատում:
Հարեւան Այգեձոր գյուղը նույնպես թիրախում է, բայց ավելի փոքր մասշտաբներով: Գյուղի մուտքին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանն է, քիչ հեռու՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կյանքը զոհած հայորդիներին նվիրված հուշարձան: Այգեձորից աշխարհամարտին 600 բնակիչ է մասնակցել, տուն են վերադարձել 227-ը:
Այգեձորի Մշակույթի տան բարեհամբույր աշխատակցուհիներ Լիդան եւ Լաուրան հրավիրում են շունչ քաշելու եւ սուրճ խմելու: Անցյալ դարի կեսերին կառուցված Մշակույթի տունը թեեւ բազմաթիվ տարիներ չի վերանորոգվել, սակայն պահպանում է հզոր կառույցի հպարտ կեցվածքը: Այստեղ է գտնվում նաեւ գյուղի գրադարանը՝ հայերեն եւ ռուսերեն 16 հազար գրքերով, ինչպես նաեւ մասնագիտական գրականությամբ: «Մի՞թե կարդում են»,- հարցնում եմ: «Այն էլ ինչպես են կարդում»,- պատասխանում է Լաուրան:
Սահմանամերձ մյուս գյուղերի նման Այգեձորում նույնպես կրակոցներին լրջորեն են վերաբերվում, բայց՝ առանց խուճապի: «Այստեղ մեր տունն է, մեր հողը: Ոչ մի տեղ գնալ չենք պատրաստվում»,- վստահորեն հայտարարում է Լիդա Ջուլհակյանը:











