Նյու Յորքում հազարավոր ցուցարարներ երթով անցել են Սթաթեն Այլենդ շրջանով՝ բողոքելով ոստիկանի կողմից անզեն աֆրոամերիկացու սպանության դեմ:
43-ամյա Էրիկ Գարները, ում կասկածում էին ծխախոտի անօրինական վաճառք իրականացնելու մեջ, մահացել է հուլիսի 17-ին:
Դատափորձաքննությունը եզրակացրել է, որ տղամարդը մահացել է ոստիկանի կողմից կրծքավանդակի սեղմման հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջադեպը, որը նկարահանել էր պատահական անցորդը, հասարակության բողոքն է առաջացրել. տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Գարներն ասում, որ չի կարողանում շնչել:
Ավելի վաղ սեւամորթ դեռահասի սպանությունը Միսուրի նահանգում երկու շաբաթ տեւած անկարգությունների պատճառ դարձավ:











