Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Վատիկանում ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսանը նաեւ հանդիպում է ունեցել կարդինալ Պիետրո Պարոլինի հետ՝ Վատիկանի պետական քարտուղարության ղեկավար՝ Դոմինիկոս Մոմբերտիի ներկայությամբ:

Վատիկանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկումների ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ, նաեւ ընդգծվել է հայերի կյանքում ու պատմության մեջ քրիստոնեության հատուկ դերը:

Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, կողմերը հույս են հայտնել, որ բարդ եւ դեռեւս չլուծված հարցերը կարող են հաղթահարվել միայն բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ երկխոսության ճանապարհով:

Բացի այդ, հիշատակվել է Մերձավոր Արեւելքի հակամարտության հարցը: Կողմերը համոզվածություն են հայտնել, որ շահագրգիռ ժողովուրդների եւ կրոնական համայնքների ընդհանուր ջանքերը կնպաստեն ամբողջ տարածաշրջանում  խաղաղության ձեռքբերմանը: Հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որին բախվում են տարածաշրջանի քրիստոնեական համայնքներն ու այլ կրոնական փոքրամասնությունները, ինչպես նաեւ տուժած շրջանների փախստականների նկատմամբ հումանիտար ճգնաժամին:

Լուսանկարը՝ Վատիկանի ռադիոյի