Ադրբեջանը, մուտք գործելով Եվրոպայի Խորհուրդ, ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ոլորտում կամավոր պատասխանատվություն է ստանձնել, եւ դրանք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ իրավաբանական բնույթ են կրում ու ենթակա են պարտադիր են կատարման: Այդ մասին երեկ՝ սեպտեմբերի 24-ին, Ադրբեջան այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահ Ան Բրասերը: Նա հայտարարել է երկրում ուժեղ ընդդիմության գործունեության օրենսդրական երաշխիքների բացակայության մասին, առնաց որոնց ժողովրդավարությունն անհնար է:
contact.az-ի փոխանցմամբ՝ Բրասերը նաեւ ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերջին կալանավորումներին: ԵԽԽՎ-ի նախագահը հաղորդել է, որ Ադրբեջան եռօրյա այցի ընթացքում նա հանդիպել է երկրի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, խորհրդարանում քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, արդարադատության նախարարի, գլխավոր դատա[ազի, քաղաքացիական հասարակության ակտիվիտների եւ կալանվորման մեջ գտնվող անձանց հետ:
Նրա խոսքով՝ խորհրդարանում անցկացված հանդիպման ժամանակ քննարկումների հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը: «Անդամ-երկրների տարածքային ամբողջականությունը քննարկումների առարկա չի կարող լինել եւ այդ սկզբունքը պետք է հարգվի Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ-երկրների նկատմամբ», - ասել է Բրասերը: Նա նաեւ նշել է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն երկխոսությունների ճանապարհով եւ ԵԽ-ն լիովին սատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:
Բրասերը նշել է, որ ԵԽԽՎ-ում գործում են Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները եւ ասամբլեան կարող է իր ավանդն ունենալ երկխոսության ճանարհով հակամարտության կարգավորման գործում: Ընդ որում, նա հիշեցրել է, որ 2005թ.-ին ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հակամարտության մասին բանաձեւ է ընդունել: Հիշեցնենք, որ բրիտանացի պատգամավոր լորդ Աթքինսոնի զեւկույցի հիման վրա ընդունված այդ ադրբեջանամետ բանաձեւում սատարվել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այնուհետեւ Բրասերը նշել է ԵԽ-ի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք պարտադիր բնույթ են կրում: Նա նաեւ մտահոգություն է հայտենլ վերջին կալանավորումների առիթով:
«Այս երկրում շատ քիչ է վստահությունը, հավանաբար, այն ընդհանրապես չկա: Անհրաժեշտ է երկխոսություն եւ վստահություն: Ես իրատես եմ, եւ կարծում եմ, որ դա այդքան էլ արագ տեղի չի ունենա: Պետք է համբերատար լինել», - հայտարարել է Բրասերը:
Բրասերը հայտնել է, որ հանդիպել է դատապարտված ընդդիմադիր ակտիվիստներ Իլհար Մամեդովի, Թաֆիկ Յաղուբլուի, ինչպես նաեւ «Տոլիշի սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի հետ: Մնացած կալանավորների հետ Բրասերին թույլ չեն տվել հանդիպել քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս հանդիպել նախադատական կալանքի մեջ գտնվող անձանց հետ:
Նա նաեւ հաղորդել է, որ հետաքրքրվել է քաղաքացիական ակտիվիստների զանգվածային կալանավորումների պատճառով, եւ պաշտոնատար անձինք նրան հայտարարել են, որ դրանք իրականացվում են ոմն վկայի ցուցմունքների հիման վրա իրականացվող հետաքննության շրջանակներում:




























