Ադրբեջանի բանտեր այցելությունը ոչ թե խորհրդանշական քայլ էր, այլ քաղաքական մեսիջ: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի բացմանը հայտարարեց ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերը:
«Ես կցանկանայի որ այդ այցելությունները դիտարկվեին ոչ որպես խորհրդանշական այցեր, այլ որ որպես քաղաքական ուղերձ: Մարդու իրավունքներն ու ազատությունները պաշտպանողները կարող են մեզնից օգնություն ակնկալել: Եվրոպայի խորհրդի եւ վեհաժողովի առաքելությունմներից մեկը նրանց աջակցություն ցուցաբերելն է», - հայտարարել է Բրասերը:
Հիշեցնենք, որ Բաքու այցի ընթացքում Բրասերը նշել է ԵԽ-ի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը, որոնք պարտադիր բնույթ են կրում: «Այս երկրում շատ քիչ է վստահությունը, հավանաբար, այն ընդհանրապես չկա: Անհրաժեշտ է երկխոսություն եւ վստահություն: Ես իրատես եմ, եւ կարծում եմ, որ դա այդքան էլ արագ տեղի չի ունենա: Պետք է համբերատար լինել», - հայտարարել է Բրասերը:




























