Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերը նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ շփումների անհրաժեշտությունը:

Նրա խոսքով՝ նման հանդիպումներ կազմակերպելը շատ-շատ ծանր է, եթե ոչ անհնար: «ԵԽԽՎ-ի նախորդ նախագահը կարողացավ հասնել երկու երկրների պատվիրակությունների միջեւ հանդիպումների անցկացմանը»,- հայտարարել է Բրասերը:

Բրասերը նաեւ նշել է, որ մի քանի հանդիպումներից հետո կողմերը հրաժարվել են հանդիպել իր գրասենյակում: Նա ընդգծել է, որ Վեհաժողովի նախագահի իր դերը կայանում է նրանում, որ կողմերը խոսեն միմյանց հետ: «Այժմ դա ավելի քան բարդ է: Սակայն ես չեմ հանձնվում», - հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահը:

Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփումների թեմայով հարցը լավ հնարավորություն է հստակություն մտցնել լրատվամիջոցներում շրջանառվող վերջին հրապարակումներում: «Որոշ պարբերականները հաղորդել են, որ իբրեւ ես հայտարարել եմ, որ Ադրբեջանում համայնքների միջեւ պետք է հանդիպում տեղի ունենա: Ես երբեք նման բան չեմ ասել», - նշել է  Բրասերը: