Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի՝ «Լեռնային Ղարաբաղում եւ գրավյալ այլ տարածքներում բռնության սրացումը» թեմայով զեկույցը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում պայմանավորվածությունների ոգուն: Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ն որոշել է զեկույց պատրաստել, որի հիմքով բանաձեւ է ընդունվելու: «ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը զեկուցող է նշանակել ադրբեջանամետ Ռոբերտ Վալտերին: Ցանկանում եմ ընդգծել, որ մինչեւ հիմա միջազգային ոչ մի փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը չեն կոչել Ադրբեջանի գրավյալ տարածք: Սա դիվանագիտական պարտություն է Հայաստանի համար»,- ընդգծեց Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, հայկական կողմից հնարավոր ամեն ինչ արվել է ձախողման համար, բացարձակ դիվանագիտական անգրագիտություն եւ ռազմավարության բացակայություն է դրսեւորվել:
Անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի՝ որպես հայկական պատվիրակության ղեկավար հնարավոր փոփոխության մասին հարցին, Լեւոն Զուրաբյանը նշեց. «Ես չգիտեմ, արդյո՞ք Հերմինե Նաղդալյանի փոփոխությամբ մենք իսկապես նորմալ ռազմավարություն կունենանք: Ես բացառում եմ հնարավորությունը, որ նա ինքնուրույն է գործել: Նման վարքագիծ կարող է լինել միայն իշխանությունների կողմից հրահանգների դեպքում»:



























