Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահը ողջունել է հյուրերին եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նախագահի խոսքով, այդ ամենում, անշուշտ, մեծ դեր է վերապահված ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի ինստիտուտին, որի հետ Հայաստանն ավանդաբար կառուցողական եւ փոխշահավետ մթնոլորտում արդյունավետ համագործակցություն է ունեցել: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ պարոն Մուիժնիկսի պաշտոնավարման ընթացքում էլ այդ փոխգործակցությունը շարունակվում է եւ վստահություն է հայտնել, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցելությունը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններում:
Նիլս Մուիժնիկսը նշել է, որ տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ աշխատանքային հագեցած օրակարգից տվյալ երկրի համար առավել կարեւոր որոշակի խնդիրներ է առանձնացնում, որոնց վրա էլ կենտրոնանում է հանդիպումների ընթացքում: Հայաստան այցելելիս, ըստ նրա, որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց եւ տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների խնդիրների վրա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, թե ուրախ է տեղեկանալ, որ այդ բնագավառներում առաջընթաց է արձանագրվել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ մի շարք ուղղություններով բարեփոխումներին: Հանրապետության նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետեւողական եւ որ ամենակարեւորն է՝ դրանք կրում են շարունակական բնույթ: Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանը լուրջ առաջընթաց է ունեցել անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, որոնց արդյունքները տեսանելի են եւ անշրջելի:




























