ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի /Nils Muizhnieks/ գլխավորած պատվիրակությանը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն առընչվող մի շարք հարցեր:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է.Բաբայանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ա. Պապիկյանը:
Անդրադարձ է եղել մարտի մեկի գործի քննությանը, ինչպես նաեւ ՀՀ-ում անչափահասների եւ կանանց իրավունքների պաշտպանության հետ կապված առկա օրենսդրական խնդիրներին: Հանձնակատարի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը անդրադարձել է նաեւ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման հետ կապաված հարցերին:
ՀՀ գլխավոր դատախազը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է ՀՀ պետական սահմանի մի շարք տեղամասերում արձանագրված միջադեպերի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, ներառյալ հոդված 389-ը (Միջազգային ահաբեկչություն), հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին՝ միջազգային փորձագետների մասակցության հարցը, ինչպես նաեւ հանձնակատարի գրասենյակի հնարավոր ներգրավվածությունը նման միջադեպերի քննությանը:
ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ եւ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ: Երկուստեք կարեւորվել է փոխգործակցությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով:




























