Ազգային ժողովի այսօր՝ նոյեմբերի 11-ի նիստը սկսվեց՝ նոյեմբերի 10-ին Շիրակում տեղի ունեցած ավտովթարի հեռեւանքով մահացած 7 քաղաքացիների հիշատակի հարգելով:

Առաջարկը եղել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանինը:

«Երեկ սարսափելի ավտովթար է եղել, որի ժամանակ զոհվել են յոթ ուղեւորներ, յոթն էլ վիրավորվել են: Կոչ եմ անում կառավարությանը եւ կապի ու տրանսպորտի նախարարությանը, որ, ի վերջո, ուշադրություն դարձնեն այդ չարաբաստիկ խաչմերուկին, որին Շիրակի մարզի բնակիչները անվանում են Հոռոմի խաչմերուկ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:  

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երեւան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է: