Ադրբեջանից վերադարձած Գեւորգյանների ընտանիքը պատմել է, թե ինչեր է ստիպված եղել վերապրել Ադրբեջանում (ֆոտոռեպորտաժ):
Հիշեցնենք, որ Գեւորգյանները՝ հայրը, մայրը եւ երեք երեխաները, հայրենիք են վերադարձվել դեկտեմբերի 12-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:
«Մենք ստրուկի կարգավիճակում էինք: Ով ինչպես ուզում էր՝ կարող էր մեզ հետ վարվել: Ծեծում էին, էլեկտրահարում»,- վստահեցրել է Գեւորգյանը: Ընտանիքի խոսքով, իրենց ապրում էին Բաքվի զինվորական ոստիկանության շենքում: «Մեզ միջանցք տվեցին, որտեղ էլ ապրում էինք»,- պարզաբանել է ընտանիքի մայրը՝ Ռուզաննա Գեւորգյանը:
Ավելին, Ռուզաննային ստիպել են աբորտ անել: «Ամուսնուս մեկուսարան նստեցրին, իսկ ինձ ստիպեցին գրել, որ ամեն ինչ կամավոր եմ անում՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել ամուսնուս: Ես վախեցա եւ գրեցի»,- պատմել է Ռուզաննան: Նրա հավաստմամբ, ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացված էին «ամեն ինչի մասին»:
Եղիշեն տեղեկացրել է, որ իրենց չեն հարցաքննել. «Բայց ստիպում էին ասել, որ ցեղասպանություն չի եղել»: Նա հաստատել է, որ սահմանը հատելիս ադրբեջանցիները գնդակոծել են մեքենան:
«Մենք ցանկանում էինք անցնել երրորդ երկիր, սակայն հենց սկզբից Ադրբեջանի իշխանությունները որոշել էին մեզ թույլ չտալ»,- վստահ է Գեւորգյանների ընտանիքը: Նրանց խոսքով, մայիսին իրենց մոտ է եկել ոմն Ռաֆիկ, ով ազատ տիրապետում էր հայերենին: Նա ընտանիքին առաջարկել է մնալ Ադրբեջանում՝ ադրբեջանական ազգանուն վերցնելով: Գեւորգյանները հրաժարվել են: Այդ ժամանակ Եղիշեին ծեծել են: Բարեբախտաբար, մի քանի օր անց՝ հունիսի սկզբին, նրան այցելել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, որոնց նա ցույց է տվել ծեծի հետքերը: «Մենք ստիպված էինք հացադուլ հայտարարել կամ սպառնալ ինքնասպանությամբ, որպեսզի ԿԽՄԿ-ի կամ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին թողնեին մեզ մոտ»,- հաղորդել է Գեւորգյանը:
Եղիշե Գեւորգյանի հավաստմամբ, հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին (սպանվել է ադրբեջանական գերության մեջ - խմբ.) պահում էին իրենց ապրած վայրի վերեւի խցում: «Գիտեմ, որ նրան կախել են»,- պնդում է Գեւորգյանը՝ իր խոսքերին մի քանի ապացույցներ բերելով: Հետագայում, ըստ Գեւորգյանի, նույն խցում պահել են նեւ Հակոբ Ինջիղուլյանին (հոկտեմբերին երրորդ երկրի միջոցով վերադարձել է Հայաստան - խմբ.): Այնուհետեւ Գեւորգյանը տեղեկացրել է Հիրդալանից ինչ-որ Նատիկի մասին, ով իրեն օգնել է, երբ ինքը կաթված է ստացել: «Նա ինձ հսկում էր հիվանդանոցում»,- տեղեկացրել է Գեւորգյանը: Այդ մարդն էլ պատմել է այդ մասին:
«Ցավում եմ, որ երեխաներս ստիպված եղան այդ ամենը տեսնել, այդքան տարի ապրել թշնամիների մեջ»,- ընդգծել է Եղիշե Գեւորգյանը: «Ուրախ ենք, որ վերադարձանք հայրենիք»,- հավելել է Ռուզաննան:
Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հանձնաժողովի ներկայացուցիչ, գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը լրագրողներին տեղեկացրեց, որ սահմանին թոռներին՝ Գայանեին, Ալֆրեդին եւ Պետրոսին, դիմավորել է նաեւ նրանց տատիկը` Գայանե Մարդանյանը (մոր մայրը):
«Սահմանահատման պատճառներն եւ հանգամանքները պարզում են համապատասխան մարմինները»,- նշեց Մկրտումյանը՝ հավելելով, որ ընտանիքը վաղուց է ցանկություն հայտնել վերադառնալ, սակայն Ադրբեջանի իշխանությունները խոչընդոտել են դրան: Ինչ վերաբերում է երրորդ երկրին, ապա առաջարկվել է տարբերակ, որին նրանք չեն համաձայնել. բաժանել ընտանիքը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 10-ին 52-ամյա հանցագործ Եղիշե Գեւորգյանը, ով մարդու սպանության մասնակից էր եղել, կնոջ եւ երեք երեխաների հետ թաքնվելու փորձ կատարելիս ավտոմեքենայով հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի











