Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դասախոս, 67-ամյա Սերգեյ Ներսիսյանն իր արտաքինի պատճառով ակամայից հանդես է գալիս Ձմեռ պապիկի կերպարով:
«24 տարեկանից ես այս մորուքով եմ, սա իմ բնական վիճակն է: Ես սկզբում ինձ որպես Ձմեռ պապիկ չէի ընկալում, բայց տարիքը իրանը բերում է: Հետո եսիմ, չհասկացա՝ ոնց ստացվեց, բաներ կան, որ չպետք է հասկանաս»,- ասում է պարոն Ներսիսյանը` նշելով, որ կամա թե ակամա արդեն 40 տարի հայտնվել է Ձմեռ պապիկի կերպարում:
Պարոն Ներսիսյանը անկեղծանում է, որ Ձմեռ պապիկ իրեն «կնքել» են հենց երեխաները:
«Ես Ձմեռ պապի եմ ոչ թե հունվարից հունվար, այլ երեխաների լեզվով ասած՝ ամբողջ տարի: Քանի որ ես արդեն 40 տարի է՝ մորուք եմ պահում, երեխեքի բերանով կնքված Ձմեռ պապ եմ: Ամառն էլ տեսնում են, ասում՝ վայ, մամա, Ձմեռ պապի, Ձմեռ պապի: Դրա համար ես գրպանս քաղցր բաներ եմ պահում, հենց երեխեն ասում ա, ես տալիս եմ, ասում է՝ վայ, Ձմեռ պապին տվեց»,- պատմում է դասախոսը` ավելացնելով, որ ինքը երեխաներին չի ուզում զրկել հեքիաթից:
Աստղագիտության դասախոսը նշում է, որ շատ հաճախ երեխաներն իրեն դրսում տեսնելիս պահանջում են իրենց նվերները:
«Շատ տարիներ առաջ կնոջս հետ դրսում քայլում էինք, մի երեխա ասաց՝ Ձմեռ պապիկ, նվերս ե՞րբ ես բերելու: Ես ասեցի՝ որտե՞ղ ես ապրում, բացատրեց տան տեղը, գնացի, նվեր առա, տարա տվեցի: Ինքն էլ բա՝ Ձմեռ պապին ինձ նվեր բերեց»,- պատմեց պարոն Ներսիսյանը` նշելով, որ երեխաներին չպետք է հուսախաբ անել:
Պարոն Ներսիսյանի կարծիքով՝ Ձմեռ պապիկի կերպարին իր նմանությունը ոչ միայն չի խանգարում ուսանողների հետ շփմանը, այլեւ օգնում է։
«Ուսանողներս եւս շատ լավ են ընկալում, եւ նրանց աչքերը մի տեսակ շողում են: Երեխաներին Ձմեռ պապիկ պետք է, ամառն էլ, ձմեռն էլ: Երեխաները միշտ ցանկություններ են ունենում, եւ երբ մինչեւ ձմեռն են տեսնում, հավատում են, որ իրենց ցանկությունը կկատարվի»,- ասում է պարոն Ներսիսյանը, որը համոզված է, որ Ձմեռ պապիկի հեքիաթը հարկավոր է պահպանել։











