Արմավիրցի 70-ամյա Մարիամ տատն ու նրա ամուսինը՝ Գրիգոր պապը, այն հազարավոր տարեցներից են, որոնք զավակների հարկադրված արտագաղթից հետո միայնակ են տոնում Նոր տարին։ Արդեն 20-րդ տարին է, ինչ երեք զավակ ունեցող ամուսինները տոնական սեղանի շուրջ կեսգիշերին երկուսով են բաժակ բարձրացնում։

Գրիգորյան ամուսինները երկու աղջիկ, մեկ որդի, թոռներ ու ծոռներ ունեն: Գրիգորյանների աղջիկներից մեկը 20 տարի առաջ ամուսնացել ու մեկնել է ԱՄՆ, որդին`Մոսկվա: Մյուս աղջիկը մոտակա գյուղում է ամուսնացել, ծնողները նրանից են իրենց հեռվում ապրող զավակների կարոտն առնում։

«Ես ու պապը երկուսով ենք դիմավորում Նոր տարին: Բաժակը լցնում ենք, 12-ը տալիս են, վերցնում ենք, պապի հետ խմում ենք, մի քիչ էլ նվագ են տալի, մի քիչ թռվռում եմ… Թոռներս, տղես, հարսս էստեղ լինեին, ինչքան բան կանեինք, մենակ ենք մնացել: Էն ժամանակ, որ այստեղ էին, ուրիշ էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Սիմոնյանը:

Թեեւ որդու ընտանիքն ամեն տարի այցելում է ամուսիններին, բայց աշխատանքի պատճառով սովորաբար Ամանորին գալ չեն կարողանում: Մարիամ տատի պատրաստած չրերը, սուջուխը, կոմպոտն ու մուրաբան նրանք ամռանն են համտեսում:

«Սուջուխը, չիրը սեղանին կդնենք, գնացող եկողը կուտեն, ինչը կուտեն, կուտեն, մնացածը կպահեմ՝ իմ տղեն, թոռները կգան կուտեն: Իմ ձեռքով կոմպոտ եմ փակել, մուրաբա եմ փակել, թթու եմ դրել: Ամեն տարի պահում եմ, ամռանը գալիս են, ուտում են, դնում եմ, հետները տանում են: Կամ էլ Նոր տարուց առաջ ուղարկում եմ Մոսկվա»,- ասաց Մարիամ տատը:

Արտերկրում գտնվող՝ ընտանիքի անդամներին տատիկն ու պապիկը հեռախոսով կամ ինտերնետով են շնորհավորում. ոմանց՝ հայերենով, ոմանց էլ՝ ռուսերենով:

Մարիամ տատը նեղվում է, որ թոռները կողքին չեն, հայերենն էլ կամաց-կամաց մոռանում են, բայց հարազատներին չի մեղադրում՝ նրանց աշխատանք է հարկավոր, ինչը Հայաստանում գտնելը դժվար է։ Արդեն երկար ժամանակ փորձում է համոզել ամուսնուն, որ իրենք էլ կողպեն պապական տան դուռն ու մեկնեն որդու մոտ։