Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների հարսը՝ 24-ամյա Արաքսյա Պողոսյանը, Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղից էր. դպրոցն ավարտելուց հետո սովորելու նպատակով մեկնել էր Գյումրի եւ մի քանի տարի հետո ամուսնացել Արմեն Ավետիսյանի հետ:
NEWS.am-ի հետ զրույցում Կաճաճկուտի գյուղապետ Միքայել Թամազյանը նշեց, որ Արաքսյան տոներին միշտ ընտանիքի հետ գյուղ էր գալիս:
«Արաքսյայի ընտանիքը մեզ մոտ է ապրում, բազմազավակ ընտանիք է: Արաքսյան 3 եղբայր ունի, ամենափոքրը 8-րդ դասարանում է սովորում: Արաքսյան երկվորյակ քույր էլ ունի, որն ամուսնացել է եւ բնակվում է Հունաստանում, բայց այս դեպքից հետո Հայաստան է եկել»,- ասաց նա:
Մեր տեղեկություններով՝ Արաքսյան 17 տարեկանում մեկնել է Գյումրի՝ կրթությունը շարունակելու եւ մորական պապիկի հետ ապրելու: Արաքսյային ճանաչողները մեզ պատմեցին, որ սովորելու տարիներին էլ նա ծանոթացել է ամուսնու հետ:
«Արաքսյան նույն թաղամասում էլ հարս է գնացել. Ավետիսյաններն Արաքսյայի պապիկի հարեւաններն են»,- հայտնեցին գյումրեցիները:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, որտեղ 7 օր անց մահացել էր։
Կասկածյալը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը ձերբակալվել է նույն օրը կեսգիշերին մոտ, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Նրան կալանավորել են եւ մեղադրանք են առաջադրել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում:
ՀՀ գլխավոր դատախազության մեկնաբանմամբ, նա գտնվում է ՌԴ իրավազորության ներքո եւ դատվելու է ռուսական օրենսդրությամբ: Այս որոշումը հանրային բողոքի լայն ալիք է բարձրացրել, վերջին օրերին բողոքի ակցիաներ եւ մոմավառություններ են եղել Երեւանում, Գյումրիում, այլ քաղաքներում:




























