Ապրիլի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների, Կապանի եւ Էրեբունու բաժինների, ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքի Արցախի փողոցից, կեղծ թղթադրամ պատրաստելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով բերման են ենթարկել Տիգրան Եգանյանին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 205 հատ, 10 հազար դրամ անվանական արժեքով ՀՀ կեղծ թղթադրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանությունում Եգանյանը խոստովանել է, որ նախկինում պատրաստել եւ իրացրել է կեղծ մետաղադրամներ: Նրա մատնանշած վայրից հայտնաբերվել է մի ամբողջ ընդհատակյա դրամահատարան՝ ինքնաշեն դրամահատ սարք, մասամբ պատրաստի մետաղադրամներ, կշռաքարեր, հումք, պարագաներ, որոնք անհրաժեշտ էին կեղծ դրամների արտադրություն ապահովելու համար:
Տիգրան Եգանյանի բնակության վայրում հայտնաբերվել են՝ 236 հատ, 1000 դրամ անվանական արժեքով պատրաստի կեղծ թղթադրամներ, 153 հատ Ա-4 ֆորմատի թղթի վրա չորսական տպագրված 1000 դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամի օրինակներ, նույնպիսի թղթի վրա՝ երեքական տպագրված 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամների օրինակներ եւ թղթադրամները կտրելու պարագաներ:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական գործողությունները՝ ոստիկանները նույն օրը բերման են ենթարկել նաեւ Երեւանի բնակիչ, 1988 թ. ծնված Տիգրան Ավետյանին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշանակվել են դատանյութագիտական փորձաքննություններ:
Մասնակից այլ անձանց հայտնաբերելու, կեղծ դրամներն իրացնելու վայրերը պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Տիգրան Եգանյանն ու Տիգրան Ավետյանը ձերբակալված են:
Կատարվում է քննություն:











