Եկրապահի օրվա կապակցությամբ ԵԿՄ հիմնանորոգված շենքում այսօր՝ մայիսի 8-ին, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ տեղի ունեցավ «Խաչքարերի պուրակի» բացում: Հոգեւորականների կողմից օծվեցին 15 խաչքարեր, որոնցից 4-ի տեղադրումը ԵԿՄ նախագահն է հովանավորել, 10-ը՝ մարզերը, եւ  1 խաչքարը Երեւանի քաղաքապետարանը: (ֆոտոռեպորտաժ)

Խաչքարերից յուրաքանչյուրը խորհրդանշում է պատմական որեւէ  իրադարձություն: Օրինակ՝ Շիրակի մարզը երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրել:

ԵԿՄ-ում այսօր բացվեց նաեւ աղոթատեղի, պատանի երկրապահ ուսուցման կենտրոն, ֆիզհրապարակ, գրադարան, թանգարան:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ երկրապահներն առանձնահատուկ դեր են ունեցել Արցախյան ազատամարտում:

«Մեր հայկական տոնացույցի մեջ  երկու ամիս կա, որը խորհրդանշական է: Սեպտեմբերը՝ անկախության ամիսը, եւ մայիսը՝ մեր հաղթանակների ամիսը:  Կարծում եմ, որ Արցախյան ազատամարտն առանձնահատուկ է կամավորական շարժմամբ, որի ժամանակ երկրապահներն առաջին գծում են եղել: Եկրապահների օրը խորհրդանշական է՝ հաղթանակի օրվան նախօրեին , Շուշիի ազատագրման օրը եւ մենք այսօր նշում ենք  եռատոն հաղթանակը:  Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին,  թող հաղթանակները ողողեն մեզ եւ մենք միշտ հաղթանակներ  ապահովենք մեր ժողովրդի համար»,-ասաց նախարարը:

ԵԿՄ նախագահ Մանվել  Գրիգորյանն էլ  շնորհավորեց հայ ժողովրդին երկրապահի օրվա կապակցությամբ եւ նշեց, որ հայ ժողովուրդը ավելի է հզորանալու եւ մարտունակ դառնալու:

«Ես վստահում եմ  մեր նոր սերնդին, պատանի երկրապահներին, որ մեզանից 10 անգամ ավելի հզոր մարդիկ են լինելու այս երկրի համար»,-ասաց Մանվել Գրիգորյանը:

Պուրակի բացումից հետո ներկաներն ուղեւորվեցին Եռաբլուր, որտեղ ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհվածների շիրիմներին:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am