Չեխիայի Սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր:

Նշենք, որ Պավել Ռիխետսկին Հայաստան է ժամանել իր հայաստանցի գործընկեր Գագիկ Հարությունյանի հրավերով:

Չեխ հյուրերին ուղեկցել է Հայաստանի ՍԴ անդամ Արեւիկ Պետրոսյանը: Չեխական պատվիրակությունը եղել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Պատասխանելով Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին NEWS.am-ի թղթակցի հարցին, Պավել Ռիխետսկին նշել է, որ Թուրքիայում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ խախտում են ժողովրդավարության սկզբունքները նույնիսկ մեր օրերում. առանց արդար դատավարության մարդկանց բանտերում են պահում, լրագրողների են ձերբակալում:

«Անձամբ ես չեմ հասկանում, թե ինչու մի ամբողջ դարի ընթացքում Թուրքիան չի արձագանքել այդ իրավիճակին: Արդեն սերունդներ են փոխվել, սակայն Թուրքիայի վերաբերմունքը նույնն է մնացել: Թուրքիան պետք է օրինակ վերցնի Գերմանիայից, որը կարողացավ Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունել սեփական պատմությունն ու դասեր քաղել»,- ամփոփեց Պավել Ռիխետսկին: