Կատարի 3-րդ շեյխի երկրորդ կինը՝ աշխարհահռչակ գեղեցկուհի Համադա Բեն Խալիֆա ալ Թանի շեյխուհի Մոզան, Երեւան մասնավոր այցի երկրորդ օրը այցելել է Գառնի եւ Գեղարդ (ֆոտոռեպորտաժ

NEWS.am–ի նկարահանող խմբին հաջողվել է միայն հեռվից կադրեր անել, քանի որ անվտանգության աշխատակիցներն արգելում են մոտենալ նրան, իսկ շեյխուհին խուսափում է լրագրողներից։

Շեյխուհի Մոզան նախ այցելել է Գեղարդի վանական համալիր, ապա Գառնիի տաճար, որից հետո իր ուղեկցորդների հետ ճաշել Գառնի գյուղի հացատներից մեկում եւ վերադարձել Երեւան։

Նշենք, որ Երեւանյան այցի ընթացքում Արեւելքի ամենաոճային կնոջն ուղեկցում է ռուս աշխարհահռչակ մոդելավորող Ուլյանա Սերգեենկոն, որը լուրջ հաջողությունների է հասել Արեւմուտքի նորաձեւության աշխարհում։

Հիշեցնենք, որ շեյխուհի Մոզան Երեւան է ժամանել նախօրեին եւ արդեն հասցրել է շրջել մայրաքաղաքի տեսարժան վայրերով։ Այսօր նա չարտերային չվերթով Երեւանից կմեկնի Թբիլիսի։

Շեյխուհի Մոզան  ունի 5 որդի եւ 2 դուստր։ Մոզան Արեւելքի կնոջ կերպարի մասին բազմաթիվ կարծատիպեր է կոտրել։ Հենց նա առաջին անգամ առանց չադրայի գլխաբաց հայտնվեց հանրության առջեւ՝ խախտելով իսլամական աշխարհի գլխավոր տաբուներից մեկը։

Նա ծնվել է 1959թ. Կատարի Ալ Խոր քաղաքում։ Նրա հայրը հաջողակ կատարցի գործարար Նասեր բեն Աբդուլլահ Ալ Միսնիդն է։ 1977թ. նա 18 տարեկան հասակում ամուսնանում է Կատարի գահաժառանգ արքայազն Համադ բեն Խալիֆ Ալ Թանիի հետ։ Մոզայից բացի շեյխն ունի եւս 2 կին։ Սակայն նրա կանանցից միայն Մոզան է հանրային գործունեությամբ զբաղվում։ Նա լավ կրթություն է ստացել, հայտնի է նորաձեւության աշխարհում, ակտիվ մասնակցում է երկրի հասարակական կյանքին, հիմնականում զբաղվում է կրթության խնդիրներով։