Հայտնի են դարձել այսօր՝ հունիսի 6-ին Սարատովկա գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով զոհված յոթ երիտասարդների անունները: Նրանից հինգը Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչներ էին՝ 21-ամյա Վանիկ Մարդոյանը, 22-ամյա Կարեն Խաչատրյանը, 24-ամյա Գևորգ Պողոսյանը, 24-ամյա Վահագ Ալբերտյանը, 22-ամյա Արման Տոնոյանը, մեկը՝ 22-ամյա Գասպար Ղուկեյանը  բնակվում էր Լոռու մարզի Մեծավան գյուղում, իսկ 22-ամյա Արթուր Բալյանը Երեւանից էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել քարերին և բռնկվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է յոթ երիտասարդ:

Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:

Հունիսի 6-ին, ժամը 09.06-ին հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները և փոխանցել դիահերձարանի աշխատակիցներին: