Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր` հունիսի 7-ին անցկացվող քաղաքապետի ընտրություններում խախտումներ են արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքապետի ինքնաառաջադրված թեկնածու Արթուր Աբգարյանը:

«Ընտրատեղամասերում վստահված մարդիկ արդեն մի քանի խախտումներ են արձանագրել, որ մեքենաներով քաղաքացիների են բերում ընտրելու, նաեւ խախտումներ անձնագրերի եւ ստորագրությունների հետ կապված: Դա բնական է, քանի որ մյուս թեկնածուն Լոռու մարզպետի դրածոն է»,-ասաց Արթուր Աբգարյանը:

Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ ինքն արդեն մասնակցել  է ընտրություներին եւ եթե խախտումներ քիչ լինեն, իրենք կհաղթեն:

Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կարեն Փարեմուզյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հերքեց, որ Ալավերդիում այսօր ընտրախախտումներ են եղել եւ մասնավորապես մեքենաներով քաղաքացիների են տեղափոխել ընտրատեղամաս:

«Ես տեղյակ չեմ դրանից: Իսկ ի՞նչ ա, ընտրախախտո՞ւմ ա, որ մենքենաներով են մարդիկ գալիս ընտրելու: Մեզ մոտ ինչպես նախընտրական քարոզարշավն է մաքուր անցել, այնպես էլ ընտրություններն են մաքուր անցնում»,-ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նշենք, որ քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն են` Արթուր Աբգարյանը և Կարեն Փարեմուզյանը։ Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ Կարեն Փարեմուզյանը, ում սատարում է Լոռու մարզպետը, Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: