Կառավարության նոր նախագծով, ըստ էության, Դիլիջան քաղաքը տրվում է միլիարդատեր Ռուբեն Վարդանյանին: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրենքի նախագծին, որը ներկայացրել է կառավարությունը:

«Նախագիծը, ըստ էության ասում է՝ եկեք Դիլիջան քաղաքում պետական հեղաշրջում իրականացնենք, եւ կառավարման համակարգը, որ գոյություն ունի օրենքով, գցենք մի կողմ, ստեղծենք մի մարմին՝ քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տանք էդ մարմնին, որպեսզի էդ մարմինը քաղաքապետին ու ավագանուն մարիոնետի կարգավիճակով օգտագործի, նենց, ոնց ուզում է»,-հայտարարել է Փաշինյանը:

Նրա խոսքով, այս օրինագիծը հակապետական է. «Սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին, ու կարող է շարունակվի. Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը՝ Հովիկ Աբրահամյանին եւ իր ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան՝ Սամվել Ալեքսանյանին, Աբովյանն էլ կտանք Գագիկ Ծառուկյանին։ Առաջարկում եմ՝ բոլոր քաղաքների անունների տակ գնապիտակներ կպցնենք, Դիլիջանն՝ արժի էսքան , Սյունիքը՝ էսքան, մնում է ՀՀ-ի վրա բանտիկ կպցնեք՝ ասեք ներդրող կա՞, վերցրեք»,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը: