Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքի ակցիան ցրելիս ոստիկանության հատուկջոկատայինները նաեւ ուժ են կիրառել ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ, բերման ենթարկել շատերին (ֆոտոռեպորտաժ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, ծեծել եւ բերման են ենթարկել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ «Ինձ բոլոր ոստիկանների ներկայությամբ, խփելով, ծեծելով, ջարդելով, սպանելով բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանություն: Անձամբ Երեւանի ոստիկանապետի ներկայությամբ, ես գոռում եմ, բղավում եմ, ասում եմ՝ լրագրող եմ, ինձ խփում են, ծեծում են: Երեւանի ոստիկանապետին՝ Աշոտ Կարապետյանին եմ ասում՝ ես լրագրող եմ, բղավում է դե տարեք: Հենց հիմա դեմքս լրիվ կապտուկների մեջ է, խփում են ինձ, այստեղ սարսափելի բան է կատարվում»,-հեռախոսով ոստիկանության բաժանմունքից փոխանցել է Փայլակ Ֆահրադյանը:

1in.am-ի փոխանցմամբ, գործողությունը սկսելուն պես՝ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հրահանգով դաժան բռնության եւ ծեծի են ենթարկվել 1in.am-ի օպերատորներ Կարեն Չիլինգարյանը, Հովսեփ Հովսեփյանը եւ Գոռ Հովհաննիսյանը: Ըստ այդմ, «Լեւոն Երանոսյանը հատուկ հրահանգել է հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ շարքից հանելով Գոռ Հովհաննիսյանի աշխատանքային թվային տեսախցիկն ու ուղիղ եթերի սարքը»:

Ծեծի են ենթարկվել նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Դավիթ Դավթյանն ու օպերատորԽաչատուր Եսայանը:

Բերման է ենթարկվել նաեւ NEWS.am-ի ֆոտոլրագրող Արսեն Սարգսյանը (4։50 րոպեից), իսկ մեր թղթակից Աիդա Հովհաննիսյանի ձեռքից ուժով քաշել եւ տարել են տեսախցիկը։

 

Մեր տեղեկություններով, այլ լրատվամիջոցների լրագրողների էլ են բերման ենթարկել։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ երկու տասնյակ բերման ենթարկվածներ կան Նոր-Նորքի բաժնում։ Բազմաթիվ բերման ենթարկվածներ կան նաեւ այլ բաժիններում եւս։

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Ոստիկանները Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների վրա նաեւ ոստիկանական մեքենաներ էին բերել, այդ թվում՝ ջրցան եւ զրահամեքենաներ, փշալարեր։ 

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: