Ես իրավունք ունեմ արտահայտվելու, որովհետեւ ես գտնվում եմ օրենսդիր մարմնում, ես չեմ գտնվում թմրամոլների ու խաղամոլների ակումբում, թույլ տվեք արտահայտվեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, ԱԺ դահլիճում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անջատել է նրա խոսափողը:
«Դուք բոլորդ տեսել եք ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում: Բաղրամյան պողոտայում են գտնվում պետական 3 հաստատություններ, որոնք կայացնում են որոշումներ»,-հայտարարել է Փոստանջյանը, որից հետո Գալուստ Սահակյանն անջատել է տվել նրա խոսափողը:
Սակայն ընդդիմադիր պատգամավորն առանց խոսափողի սկսել է բղավել. «Բոլորս պետք է միահամուռ ուժերով կանխենք այս ապօրինությունները: Դուք իրավունք չունեք ինձ ասել»:
Ի պատասխան, Գալուստ Սահակյանը նշել է. «Իմ իրավունքները բնորոշ են օրենսդրությանը, այդ դուք իրավունք չունեք», ինչին Փոստանջյանն արձագաքել է. «Ես իրավունք ունեմ արտահայտվելու, որովհետեւ ես գտնվում եմ օրենսդիր մարմնում, ես չեմ գտնվում թմրամոլների ու խաղամոլների ակումբում, թույլ տվեք արտահայտվել»:











