Գյումրիում հունիսի 23–ի վաղ առավոտյան Ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները բերման ենթարկված էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույց անող 12 ակտիվիստներից 3-ին ազատ են արձակել: NEWS.am-ի Գյումրիի թղթակիցը հաղորդում է, որ ազատ արձակված ակտիվիստները չեն ցանկանում լրագրողներին մեկնաբանություն տալ, իրենց հարազատների հետ արագ հեռանում են ոստիկանության բաժնի մոտից:
Բերման ենթարկվածներից մի քանիսը նույնիսկ փաստաբաններ են վարձել, ոստիկանության բաժին է ժամանել պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը չի հետաքրքրվել բերման ենթարկված ակտիվիստներով:
Նշենք, որ գյումրեցիները նախօրեին նստացույց էին սկսել քաղաքի Թատերական հրապարակում` ի աջակցություն Երեւանում բողոքի երթ եւ նստացույց անող քաղաքացիների։
Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների: Բերման է ենթարկվել 237 քաղաքացի: Քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն» հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:











