Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր՝ հունիսի 23-ին, թույլ չտվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին անդրադառնալ վաղ առավոտյան տեղի ունեցած բախումներին եւ ակտիվիստների բերման ենթարկվելուն (ֆոտոռեպորտաժ):
«Կառավարության կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ տարածքային զարգացման մասին» օրենքի քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը փորձեց պահանջել անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին, սակայն Գալուստ Սահակյանը թույլ չտվեց եւ անցավ հաջորդ օրինագծի քննարկմանը:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության բաժիններ են տարվել «Հետքի», «Գալա» հեռուստաընկերության, «Հայկական Ժամանակ» օրաթերթի, NEWS.am-ի եւ panarmenian.net-ի լրագրողները: Բախումների հետեւանքով հիվանդանոց բուժօգնության է դիմել 18 հոգի, 237 քաղաքացի բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն:











