Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ցուցարարները «ճոխ» ծաղկեպսակ բերեցին, որի վրա գրված է «Ժողովրդի կողմից թալանչիներին»: Դրանից հետո ցուցարարների մեջ գտնվող երաժիշտները դուդուկով ու զուռնայով սկսեցին թաղման մեղեդի նվագել:
Ծաղկեպսակը տեղադրել են ցուցարարների եւ ոստիկանության շարքերի միջեւ առաջացած միջակայք տարածքում:
Նշենք, որ հորդառատ անձրեւը գրեթե չնոսրացրեց ցուցարարների շարքերը: Նրանք պոլիէթիլենե կտոր են պարզել իրենց վրա:
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո հայտնի մարդիկ եւ պատգամավորներն արդեն 2 օր է՝ կենդանի պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:














