Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ցուցարարները վարդեր բաժանեցին կանանց եւ աղջիկներին։
Ակտիվիստներից մեկը ամբիոնից հայտարարեց, թե ամբողջ աշխարհի ուշադրությունն այժմ սեւեռված է Հայաստանի վրա, միջազգային շատ լրատվամիջոցներ կեղծ լուրեր են տարածում։ «Ուստի եկեք ամբողջ աշխարհին ցույց տանք, որ մենք այստեղ ոչ թե մահակներ ու քարեր ենք բաժանում, այլ մեր մայրերին ու քույրերին վարդեր ենք բաժանում»,- ասաց նա։
Ակտիվիստները նաեւ վարդեր առաջարկեցին ոստիկաններին, սակայն վերջիններս հրաժարվեցին, միայն փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մեկ վարդ վերցրեց, ապա վերադարձրեց՝ ասելով, որ այն նվիրում է ակցիայի մասնակից որեւէ աղջկա։ Նա նաեւ հորդորեց այլեւս նման նվերներ չանել ոստիկաններին, այլապես իրենք դա սադրանք կորակեն։ «Կարող եք սելֆի անել ոստիկանների մոտ, բայց մի խանգարեք մեր ծառայությանը»,- ասել է Պողոսյանը։
Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է:
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում:
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











