Ցուցարարները Մաշտոց-Սայաթ խաչմերուկը փակել էին բողոքի ակցիայի շրջանակներում, եւ րոպեներ առաջ բացել են։ Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, նստացույցի նախաձեռնողները հայտնել են, որ այսօր հունիսի 26-ին այդ խաչմերուկը փակել են միայն մեկ ժամով, սակայն չի բացառում, որ վաղը երկու ժամով փակեն, իսկ հետո ավելի երկար։ Ցուցարարները խոստացել են այսօր մեկ ժամը լրանալուն պես բացել խաչմերուկը եւ միանալ Բաղրամյան պողոտայում գտնվող ցուցարարներին։

Նրանք ձեռքձեռքի կանգնել եւ փակել էին խաչմերուկը։

Ոստիկանությունը խաչմերուկը փակած ցուցարարներին նախազգուշացրել էր, որ ժամը լրանալուն պես, եթե այն չբացվի, ուժ կկիրառեն։ Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտնել է, թե ցուցարարները խախտել են պայմանավորվածությունը։

«Ոչ թալանին» նախաձեռնող խմբի փոխանցմամբ, խաչմերուկի փակումը անհնազանդության ինքնաբուխ դրսեւորում է եղել։ 

Ակցիան շարունակվում է, այսօր այն ամենաբազմամարդն է։ 

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: