Իրենց աշխատավարձերի պարտքերը պահանջող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին փակել են Բագրատունյաց պողոտան` գործարանի հատվածում, պահանջելով առանց ժամանակ ձգձգելու սկսել աշխատավարձերի մարման գործընթացը։

 NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ նաիրիտցիներին բարկացրել է փաստը, որ գործարանի տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանը խոստացել էր այսօր իրենց տրամադրել տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրերի ձեւաթղթերը, որոնք ստորագրելուց հետո միայն նաիրիտցիները կկարողանան ստանալ իրենց աշխատավարձերը, սակայն բլանկը նաիրիտցիներին չեն տրամադրել` ասելով, որ դրանք դեռ պատրաստ չեն։

Նաիրիտցիները թեեւ գիտակցում են, որ տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը ստորագրելով զրկվելու են ստանալիք գումարի մոտ մեկ քառորդից, այնուամենայնիվ, պատրաստ են դրանք ստորագրել, միայն թե վերջապես ստանան իրենց աշխատավարձերը։

«25 տոկոս պահում են, լավ ա էլի։ Ամեն օր էսօր էգուց են անում են անում, հիմա էլ բլանկ են խաղացնում, էլի խաբում են, մինչեւ փողերը չտան ճանապարհը չենք բացելու»,– բղավում են նաիրիտցիները։

Բագրատունյաց փողոցի փակված հատվածը կաթվածահար է։ Վարորդները փորձում են համոզել նաիրիտցիներին` բացել ճանապարհը, նշելով, որ կարեւոր գործերից ուշանում են, մինչդեռ նաիրիտցիները վճռական են տրամադրված։ Քիչ առաջ նույնիսկ հայհոյախառն վեճ տեղի ունեցավ վարորդների եւ նաիրիտցիների միջեւ։

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ  նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: