Մոտ մեկ ժամ Բագրատունյաց փողոցը փակելուց հետո «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները ստիպված եղան բացել ճանապարհը` տեղի տալով ոչ թե ոստիկանների հորդորներին, այլ վարորդների զայրույթին։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ կրքերն այնքան էին թեժացել, որ վարորդներից ոմանք ուղղակի մեքենան քշում էին փողոցը փակած նաիրիտցիների վրա, նույնիսկ մի դեպք եղավ, երբ մոտ հիսուն տարեկան մի տղամարդ մեքենայով կանգնեց նաիրիտցիներից մեկի ոտքին, ինչի հետո վեճ սկսվեց` հայհոյանքներով ու բռունցքներով, կրքերը հանդարտեցրին ոստիկանները։

Վարորդները բողոքում էին, որ իրենք մեղավոր չեն գործարանի աշխատակիցների հետ տեղի ունեցած համար, եւ ուշանում են կարեւոր գործերից, մեծ մասն էլ` հիվանդանոցից։ Նշենք, որ Բագրատունյաց փողոցի այդ հատվածը տանում է դեպի «Էրեբունի» հիվանդանոց։

Ի վերջո, նաիրիտցիները բացեցին ճանապարհը եւ այժմ գործարանի բակում սպասում են գլխավոր տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանի հետ հանդիպման, ինչից հետո կորոշեն իրենց հետագա անելիքները։ Այնուամենայնիվ, նրանք նշում են, որ եթե իրենց աշխատավարձերի պարտքն արագ չմարվի, կշարունակեն դիմել ծայրահեղ միջոցների։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրենց աշխատավարձերի պարտքերը պահանջող «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր` հուլիսի 14–ին, փակել են Բագրատունյաց պողոտան` գործարանի հատվածում, պահանջելով առանց ժամանակ ձգձգելու սկսել աշխատավարձերի մարման գործընթացը։ Կառավարությունը խոստացել էր մինչեւ վաղը` հուլիսի 15–ը, մարել պարտքն ամբողջությամբ, սակայն մինչեւ այժմ նաիրիտցիներին ոչինչ չի վճարվել։ Ավելին, այսօր գործարանի տնօրենը նրանց ասել է, որ գումարը կստանան միայն երբ կստորագրեն տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրեր։

 NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ նաիրիտցիներին բարկացրել է փաստը, որ գործարանի տնօրեն Ռոբերտ Սաղաթելյանը խոստացել էր այսօր իրենց տրամադրել տույժ ու տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրերի ձեւաթղթերը, սակայն բլանկը նաիրիտցիներին չեն տրամադրել` ասելով, որ դրանք դեռ պատրաստ չեն։

Նաիրիտցիները թեեւ գիտակցում են, որ տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիրը ստորագրելով զրկվելու են ստանալիք գումարի մոտ մեկ քառորդից, այնուամենայնիվ, պատրաստ են դրանք ստորագրել, միայն թե վերջապես ստանան իրենց աշխատավարձերը։

Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն հանդիպել էր նաիրիտցիներին եւ ասել, որ  նախագահի եւ վարչապետի հետ քննարկում է եղել «Նաիրիտի» հարցով եւ նախագահի հանձնարարականով մինչեւ հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի պարտքերը կմարվեն:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: