էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության մի քանի տասնյակ անդամներ այսօր` հուլիսի 14–ին, հավաքվել «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից սկսել են երթը դեպի Գլխավոր դատախազության շենք, որտեղ կպահանջեն քրեական պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին եւ հուլիսի 6-ին Բաղրամյան պողոտայում նստացույցի մասնակիցների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: (ֆոտոռեպորտաժ)
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց նախաձեռնության անդամներից Մաքսիմ Սարգսյանը, իրենք դատախազության մոտ պահանջելու են պատժել ինչպես հրաման տված, այնպես էլ հրամանը կատարած ոստիկաններին:
«Երեկ ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության որոշ աշխատակիցների հանդեպ տույժեր են կիրառվել, մի հոգու պաշտոնն է իջեցվել, բայց դա մեզ չի բավարարում: Այն, ինչ կատարվեց ամսի 23-ին, ապա նաեւ 6-ին, սրիկայություն էր: Համակարգը պետք է մաքրվի բոլոր սրիկաներից, որոնք հրաման են տվել, եւ նրանցից, որոնք ֆիզիկական բռնություն են կիրառել, հայհոյել են, ուժ են կիրառել քաղաքացիներին եւ լրագրողների նկատմամբ»,- ասաց Մաքսիմ Սարգսյանը` նշելով, որ իրենք պահանջում են քրեական գործ հարուցել ոչ միայն լրագրողների նկատմամբ բռնության դեպքով, այլ նաեւ քաղաքացիների:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակտիվիստներն իրենց ձեռքերում բռնել են 30 տղամարդու լուսանկարներ, որոնք, նրանց պնդմամբ, այն քաղաքացիական հագուստով ոստիկաններն են, որ հունիսի 23-ին բռնություն են կիրառել ցուցարների նկատմամբ: Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են նաեւ բարձրաստիճան ոստիկանների լուսանկարներ: Ի դեպ, բոլոր լուսանկարների վրա գրված է «Պատժել»:
Ակցիայի մասնակիցները իրենց հետ բերած նկարները բռնած հոգեհանգստի երգեր են երգում` նշելով, որ նկարներում պատկերված ոստիկանների հոգեհանգիստն են կազմակերպում։
Նախաձեռնության անդամներից Վաղինակ Շուշանյանն իր ձեռքում գլխիվայր բռնել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի լուսանկարը, որի վրա գրված է` «Սթափվիր, Վովա»:
Նշենք, որ ցուցարարները իրենց հետ բերել են նաեւ «Լրագրող եմ, չխփես», «Խաղաղ ցուցարար եմ, ինձ էլ չխփես», «Չենք սթափվել» գրությամբ պաստառներ: Երթն ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ։
Ըստ նախաձեռնության անդամների` երթն արտոնված է: Այն անցնելու է հետեւյալ երթուղով՝ Մոսկվա կինոթատրոն –Թումանյան-Մաշտոց-Ամիրյան-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան-ՀՀ Գլխավոր դատախազության շենք:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ոստիկանությունը ջրցան մեքենայով ցրեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության նստացույց հայտարարած անդամների նկատմամբ: Բերման ենթարկվեց 237 ցուցարար եւ լրագրողներ։ Մեծ թվով ցուցարարներ վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոցներ:
.jpg)











