Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող մի խումբ քաղաքացիներ, որոնք ձեւավորել են «Ոտքի Հայաստան» շարժումը, այսօր՝ հուլիսի 15-ին, էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը չեղարկելու պահանջով, ՀՀ նախագահին ուղղված նամակ հանձնեցին Հանրապետական կուսակցության գրասենյակ: Շարժման նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասրայանի խոսքով՝ իրենք Սերժ Սարգսյանին չեն ճանաչում որպես ՀՀ նախագահ, այդ պատճառով նամակը չեն հանձնում նախագահական:
«Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ բռնազավթել է իշխանության բոլոր ճյուղերը: Նրանք օկուպացրել են ամբողջ երկրի իշխանությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սանասարյանը:
Դավիթ Սանասարյանի խոսքով՝ նամակով իրենք իշխանություններին տեղեկացրել են, որ եթե մինչեւ օգոստոսի 1-ը չեղյալ չհամարվի թանկացման որոշումը, իրենք կշարունակեն պայքարը երեք փուլերով եւ ըստ դրա ծրագիր կմշակեն հանրապետության խոշոր քաղաքների գլխավոր փողոցները փակելու վերաբերյալ: Ըստ Դավիթ Սանասարյանի՝ իրենք անօգուտ են համարում աուդիտ անցկացնելը, քանի որ դա չի բացահայտի ՀԷՑ-ում թույլ տված չարաշահումները:
«Էներգետիկ համակարգը թալանել են, ու Սերժ Սարգսյանն իր հայտարարությամբ ցուցմունք տվեց, որ այն փլուզման եզրին է: Այդ փլուզման հասցնելու հարցն աուդիտը չի կարող լուծել, այն իրավական պատասխանատվության չի բերելու, պետք է քրեական գործ հարուցվի»,- ասաց Դավիթ Սանասրյանը:
Նշենք, որ նախաձեռնության մի քանի անդամները ՀՀԿ գրասենյակ հասան երթով Բաղրամյան պողոտայից:
Շարժումը հայտարարեց, որ մտնում է պայքարի նոր փուլ, որի ժամանակ նախ իրազեկման թռուցիկներ կբաժանեն քաղաքացիներին ու կտեղեկացնեն իրենց պայքարի մասին, այնուհետեւ կփակեն խոշոր քաղաքների գլխավոր փողոցներն ու մարդկանց կհորդորեն չվճարել կոմունալ ծախսերը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում որոշվեց էլեկտրաէներգիան թանկացնել 6.93 դրամով: Քաղաքացիները երկու օր անց նստացույց սկսեցին Ազատության հրապարակում, այնուհետեւ փակեցի Բաղրամյան պողոտան: Հունիսի 27–ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ՀԷՑ–ում միջազգային աուդիտ կանցկացվի՝ ստուգելու էլեկտրաէներգիայի թանկացման հայտի հիմնավորվածությունը, իսկ մինչեւ դրա ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը` վճարելով 6,93 դրամը։











