Երեւանից Անապա մեկնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհված Արմեն Ղուկասյանը Ոսկեհատ գյուղից է: Գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերջինս աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, սակայն չգիտի՝ այժմ դուրս էր եկել աշխատանքից, թե ոչ: Գյուղապետից տեղեկացանք, որ վերջինս 4 անչափահաս երեխա ունի, սոցիալական վիճակն էլ՝ ծանր, ապրում էր կնոջ, երեխաների, մոր հետ, ունի նաեւ եղբայր:

Գեւորգ Ներսիսյանը նշեց նաեւ, որ նույն միկրովտոբուսում եղել է նաեւ մեկ այլ համագյուղացի՝ Սերոբ Պողոսյանը: Նա եւս ամուսնացած է, ունի չափահաս երեխաներ: Այլ տեղեկություններ գյուղապետը չուներ:

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած 21-ամյա Արծրուն Հարությունյանը Արմավիրի մարզի  Ջրառատ գյուղից է: Նա մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Վերջինս ամուսնացած չէր, ուներ եղբայրներ ու քույր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ավտովթար. Երեւան - Անապա ուղեւորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 համարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (8 մ) եւ բախվել ծառին:  Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված), 2-րդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել:

13 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց:

Նրանք են՝

18-ամյա Բրոյան Էսթեր,

40-ամյա Բալգինա Սվետլանա,

53-ամյա Խուդոյան Գյուլիզարա,

55-ամյա Խաչատրյան Հրաչ,

22-ամյա Ղուկասյան Կառլեն,

52-ամյա Պողոսյան Վազգեն,

46-ամյա Պոկույան Սերժ,

17-ամյա Հովհաննիսյան Արմեն,

21-ամյա Հարությունյան Արծրուն,

Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),

Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են),

55-ամյա Բեյբուցյան, մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են)

Քաղաքացիների Պողոսյանների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Մյուս 5 ուղեւորը շարունակել են իրենց ճանապարհը: