Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և հարակից բարձրահարկ շենքերի բնակիչները դեմ են իրենց շենքերի հարեւանությամբ իրականացվող կառուցապատմանը. նրանք մտավախություն ունեն, որ կկառուցվի բարձրահարկ շենք, որը անհարմարությունների պատճառ կդառնա:

«Արդեն 15 օր էս շինարարական աշխատանքների դեմ պայքարում ենք: Հստակ չգիտենք՝ով է կառուցապատողը, գիտենք միայն, որ ոչ մի օրինական փաստաթուղթ չունի շինարարություն սկսելու համար: Ասացին, որ ինչ-որ կենտրոն են ուզում կառուցել, բայց մենք չենք հավատում փաստաթուղթ ենք պահանջում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց բողոքող բնակիչներից մեկը, որը չցանկացավ իր անունը հայտնել:

Բնակիչները պատմեցին, որ օրեր առաջ երկաթյա թիթեղներով ցանկապատված շինհրապարակը խանգարել է հրշեջ ծառայության մեքենային շենքի բակ մտնել:

«Օգոստոսի 6-ին էր, հրշեջ մեքենան եկավ, իրանք ցանկապատել էին արդեն, չկարողացավ մտնել բակ, ստիպված ցանկապատի միջով մտավ, ալյումինե թիթեղները պոկեցին: Դրա համար մենք չենք թողնում, որ շինարարություն սկսեն, ելքն ու մուտքը փակում են»,- պատմեց բնակիչը:

Դավիթաշեն վարչական շրջանի թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը  NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը խոսել է բնակիչների հետ,  որից հետո միայն թույլատրել շինարարական աշխատանքներ կատարել այդ շենքերի հերեւանությամբ: Նրա խոսքով՝ 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և հարակից բարձրահարկ շենքերի ոչ բոլոր բնակիչներն են դեմ շինության կառուցմանը:

Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը այսօր հանդիպեց բնակիչների հետ, քանի որ նրանք այսօր կրկին թույլ չէին տվել կառուցապատող ընկերությանը շինարարական աշխատանքներ սկսել:

Հանդիպման ժամանակ բնակիչները  թաղապետին ասացին, որ  թույլ չեն տա շինարարություն կատարել, մինչեւ իրենց չներկայացնեն այդ շինության էսքիզը, մինչեւ չհասկանան այդ շինությունը խանգարելու է իրենց, թե ոչ։

Բողոքողները ստորագրահավաք կսկսեն, որպեսզի պարզեն, թե ովքեր են շինարարականան աշխատանքներին դեմ եւ ոչ: Ստորագրահավաքի արդյունքները կներկայացնեն  վարչական շրջանի ղեկավարին։