Ոստիկանների եւ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամների միջեւ քիչ առաջ բախում տեղի ունեցավ։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նախաձեռնության 3 անդամներին բերման ենթարկելուց հետո ցուցարարները փակեցին բանուկ փողոցը՝ պահանջելով ազատ արձակել իրենց ընկերներին։
Ոստիկաններն ուժով հեռացրին ցուցարարներին։
Մեր թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է ոստիկաններից մեկը ապտակում տարեց ցուցարարի։
Դեպքից հետո մեզ հետ զրույցում Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ասաց, որ ինքն ապտակելու դրվագը չի տեսել, սակայն եթե կա նման բան, այդ ոստիկանը խստագույնս կպատժվի։
Ի դեպ, ակտիվիստին հարվածած ոստիկանին իրավապահներն իրենք հեռացրին Հանրապետության հրապարակից։
Այս պահին ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումը շարունակվում է։ Ցուցարարները փորձեցին նստել հրապարակի գորգի վրա, ոստիկանները նրանց ուժով հեռացրին։
Ոստիկանների թիվն ավելանում է, այս պահին Հանրապետության հրապարակում 100-ից ավելի ոստիկաններ կան։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները եւ ՀԷՑ–ի ազգայնացում։ Նախաձեռնությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











