Նոյեմբերյան քաղաքի մոտ օգոստոսի 30-ին արջի կողմից հարձակման ենթարկված 35-ամյա Արման Մամյանի կյանքը նրա շունն է փրկել: NEWS.am-ի հետ զրույցում Արման Մամյանը պատմեց, որ Ջեկո անունով իր մեկուկես տարեկան շունը հարձակվել է արջի վրա, երբ տեսել է, որ նա հոշոտում է տիրոջը:
«Շունը միանգամից թռավ դեմքին, չմտածեց էլ՝ արջ ա, կամ ինչ: Շունը կծոտում էր, ինքը ընկավ շնով, ինձ բաց թողեց: Շանն էր գրկել, բայց շունը ճարպիկ էր, դուրս թռավ գրկից, հետո վազեց շան հետեւից ու ինձ մոռացավ»,- պատմեց Արմանը:
Արմանն այդ օրն անտառ էր գնացել մոշ հավաքելու: Արջը թաքնված է եղել մոշի թփերի մեջ ու հանկարծակի հարձակվել է: 12 տարի փրկարարի աշխատանքով զբաղվող Արմանն իրեն չի կորցրել ու սկսել է կռիվ տալ արջի հետ:
«Մոշի թփերի միջով քայլում էի, մեկ էլ զգացի՝ մի երեք մետրից ինչ-որ բան է շարժվում մոշի թփերի տակ, ու մոշի թփերը գալիս են դեպի ինձ: Մի մետրից դուրս թռավ ու տեսա, որ արջ ա: Հարձակվեց վրաս, ես էլ փախչելու տեղ չունեի: Ոտքս բռնեց, կծեց, հետո գրկախառնվեցի արջի հետ, դեմքին խփեցի, ձեռքս հոշոտեց»,- պատմեց Արմանը, որը ձեռքի եւ ոտքի շրջանում ստացած վնասվածքներից հետո մի կերպ նստել է իր ավտոմեքենան ու տուն հասել:
Դեպքից մի քանի օր անց Արմանը դեռ հիվանդանոցում է, բայց պատահածի մասին հումորով է հիշում: Արմանը կատակում է, թե արջն ընդամենն իրեն նեղացրել է այն պատճառով, որ ինքն առանց զգուշացնելու ներխուժել է նրա տարածք:
«Մարդը հաց էր ուտում իր համար, գնացի, խանգարեցի: Երեւի ինձ լավ չպահեցի, ինքն էլ մի քիչ իրան լավ չպահեց: Հիմա հո չեմ տխրի, լացեմ, ինչի՞ համար»,- ծիծաղելով ասաց Արմանը:
Արմանի հայրը մեկ տարի առաջ գրեթե նույն տարածքում արջի հարձակման է ենթարկվել. ընտանիքի ընկերներն ու ծանոթներն այս թեմայով արդեն հումոր են անում:
«Իմ պապի անունը Շաքար էր, մեզ շաքարանց են ասում, կատակում են, թե շատ քաղցր ենք, դրա համար էլ արջերը հարձակվում են մեր վրա»,- ասաց Արմանի հայրը՝ Սամվել Մամյանը:
Նա պատմեց, որ վերջին տարիներին իրենց տարածաշրջանում արջերի քանակը կրկնապատկվել է, մարդիկ անտառում շատ հաճախ են արջերի հանդիպում, որոշներն անգամ նրանց բնակվելու հստակ վայրն են ֆիքսել:
Նշենք, որ հարձակման հետեւանքով Արմանը ստացել է աջ դաստակի ափային եւ թիկնային շրջանների կտրած-պատռած վերքեր, երկրորդ նախադաստակային ոսկորի բաց բազմաբեկորային կոտրվածք՝ տեղաշարժումով, եւ ձախ սրունքի միջին եւ ստորին երրորդական շրջանների բազմաթիվ կտրած պատռված վերքեր: Նա բուժում է ստանում Երեւանի համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում, մոտ մեկ շաբաթից դուրս կգրվի եւ կվերադառնա՝ ավագ հրշեջի իր աշխատանքին:











