Հոնդուրասի Դանլի քաղաքի դպրոցներից մեկում 23 զույգ երկվորյակ է սովորում: Ջրի երկու կաթիլի պես նման քույրերին ու եղբայրներին ոչ բոլորն են կարող տարբերել: Երբեմն նրանց շփոթում են նույնիսկ ծնողները:

Երկվորյակներից Լուսբին Սելայան ժպտալով պատմում է. «Մեր հայրը հազվադեպ է կարողանում մեզ տարբերել, այդ պատճառով միշտ ասում է. «Թող երկվորյակներն այսինչ բանն անեն»: Հիմնականում նա չգիտի, թե ում վրա է բարկանում, քանի որ չի կարողանում տարբերել մեզ»:

NTD հեռուստաալիքի փոխանցմամբ, տեղի ինստիտուտում նույնպես բազմաթիվ երկվորյակներ կան: Դասախոսներն ասում են՝ ուսանողները երբեմն օգտվում են իրենց նմանությունից՝ դժվար իրավիճակից դուրս գալու համար:

Ամեն դեպքում քույրերն ու եղբայրները տարբերություն ունեն: Աշակերտուհի Կլարիսա Գարսիան պատմում է, որ իր դասարանում երկվորյակներ կան՝ քույր եւ եղբայր: «Կան նաեւ նույն սեռի երկվորյակներ: Բայց ես կարողանում եմ նրանց տարբերել, քանի որ մեկը մյուսից ավելի երջանիկ կամ լուրջ տեսք ունի»,- ասում է Կլարիսան:

Իրենք՝ երկվորյակները, նշում են, որ իրենց նմանությունն ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ ունի: Դրանք ի հայտ են գալիս, օրինակ, այն ժամանակ, երբ սեփական ընկերները չեն կարողանում ճանաչել:

Դանլիի բնակիչները չեն կարողանում բացատրել, թե ինչու է իրենց քաղաքում այդքան շատ երկվորյակ ծնվում: Բայց կարծում են, որ դա մեծ երջանկություն է: