Մոտ մեկ ամիս առաջ Ամստերդամից Երևանի կենդանաբանական այգի երկու պատագոնիական մառա ու երկու աֆրիկյան սուրիկատ է տեղափոխվել։ Էկզոտիկ կենդանիները կարողացել են հաղթահարել կարանտինային շրջանն, ու այժմ նրանք այգու նոր բնակիչներն են: Կարանտինի շրջանի ընթացքում ներկրված կենդանիների համար փակ տարածք է հատկացվում, այդ տարածք մտնել թույլատրվում է միայն կենդանուն խնամողին, որը նրանց կերակրում է, ուշադրություն է դարձնում նրանց ակտիվությանը,  կերն ընդունելուն, արտաթորանքին: Եթե կենդանուն իր նախկին կենդանաբանական այգում պարազիտների դեմ չեն մշակել, կամ կենդանին բոլոր պատվաստումները չի անցել՝ կարանտինի ընթացքում համապատասխան միջոցառումներ են անցկացվում, որից հետո նրանց աստիճանաբար տեղափոխում են իրենց հիմնական ազատավանդակներ։

Կենսակերպով ու կառուցվածքով ծովախոզուկներից գրեթե չտարբերվող մառաները երեք տարեկան են: Ջերմասեր կրծողները սնվում են բույսերով ու ճյուղերով։ Ինչպես մառաների, այնպես էլ նույն օդանավով բերված աֆրիկյան սուրիկատների կյանքի միջին տևողությունը 10-15 տարի է: Աֆրիկյան սուրիկատները սնվում են միջատներով, որոնց հատուկ նրանց կերակրման համար են բուծում կենդանաբանական այգում։ Եվ մառան եւ սուրիկատը սիրում են հողը փորել ու որջեր սարքել:  Հաշվի առնելով, որ այս երկու տեսակի կենդանիները ձմռանը երևանյան ցրտին չեն դիմանա, այգու ղեկավարությունը նրանց իրենց ջերմային ռեժիմին համապատասխան կտեղափոխի ավելի տաք կացարաններ՝ ձմեռանոցներ, որտեղ կապրեն մինչև եղանակը տաքանա:

Երկու մառաներն ու սուրիկատներն անուններ դեռևս չունեն: Առայժմ նրանց տարբերում են մաշկի տակ տեղադրված չիպերի օգնությամբ, սակայն ավանդույթի համաձայն ժամանակի ընթացքում  այգու աշխատողները նրանց բնավորությանը հետևելով անուններ կդնեն: