«Վանաձոր-Քիմպրոմի» աշխատակիցների բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկին՝ Հրաչիկ Մարտիրոսյանին, նախօրեին տեղի ունեցած հերթական ցույցից հետո կանչել են ոստիկանություն եւ բացատրական աշխատանք տարել: Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, քիմպրոմցիների բողոքի ակցիայի ժամանակ Հրաչիկ Մարչտիրոսյանն ասաց, որ իրեն խնդրել են հետեւել, որպեսզի ցուցարարները ապօրինություններ թույլ չտան:

«Կարելի է ասել՝ ընկերական զրույց է եղել Տարոնի շրջանի ոստիկանապետի եւ իմ միջեւ: Ինձ մի անգամ եւս զգուշացրել է, որ որպես անկոչ լիդեր՝ խնդրեմ ժողովրդին, որ օրինախախտում չանեն»,-ասաց նա:

Հրաչիկ Մարտիրոսյանը նաեւ դժգոհեց քիմպրոմցիների պասիվությունից՝ նշելով, որ հենց ակցիայի մասնակիցների սակավության պատճառով չիրականացրին իրենց ծրագիրը եւ չփակեցին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը:  

«Եթե 500 պահանջատերից գենո 10 տոկոսը էստեղ լիներ, էլի կկարողանայինք անել: Ում հարցնես, կասի, եթե վաղը անեիք, կասեին անպայման ես էլ կգայի: Ում առանձին հարցնես, կասի՝ չեմ վախենում»,-ասաց Հրաչիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ, իրականում, բոլորը վախենում են կտրուկ գործողությունների դիմել, հատկապես երբ տեսնում են, որ ակցիայի մասնակիցների թիվը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ոստիկաններինը:

Նշենք, որ այսօր քիմպրոմցիները հավաքվել էին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ պահաջելով վճարել վերջին 8 ամիսների իրենց աշխատավարձերի պարտքերը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարների եւ մայրուղու միջեւ կենդանի պատ կազմած ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցում էր գործարանի աշխատակիցների թիվը: Վերջիններն այդպես էլ չհամարձակվեցին փակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ սակավաթիվ են: 

Մոտ մեկ ժամ սպասելուց ու հետագա քայլերը քննարկելուց հետո քիմպրոմցիները հրաժարվեցին ճանապարհը փակելու մտադրությունից եւ  երթով շարժվեցին դեպի քաղաք:

Հաջորդ ակցիան նախատեսվում է վաղն առավոտյան. աշխատողները մտադիր են այս անգամ հավաքվել «Վանաձոր-Քիմպրոմի»  բակում և փակել գործարանի մուտքը: