Արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանը մտադիր է աշխատել նույն ռազմավարական առաջնահերթություններով, որն արդարադատության նախարարությունն իր համար սահմանել է, մինչեւ իր նշանակում։
Այս մասին այսօր` սեպտեմբերի 10–ին, լրագրողներին ասաց Արփինե Հովհաննիսյանը, որն առաջին անգամ էր մասնակցում կառավարության նիստին։
Նա հրաժարվեց պատասխանել արդարադատության համակարգի խնդիրներին առնչվող հարցերին եւ լրատվամիջոցներից ժամանակ խնդրեց`խոստանալով, որ որոշ ժամանակ անց մանրամասն կանդրադառնա բոլոր հարցերին։
Արփինե Հովհաննիսյանը գոհ է նախարարության աշխատակիցների ընդունելությունից։
«Առաջին օր նորմալ անցավ։ Նախարարությունում ես նախկինում էլ եմ աշխատել, նոր մարդ չեմ։ Շատ դրական ու ջերմ մթնոլորտում է անցել ամեն ինչ։ Կարծում եմ` մեր աշխատանքը կստացվի»,– ասաց նախարարը։
Հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում տեղեկությունները, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ է ինքը նշանակվել նախարար, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «ՀՀ նախագահն է նշանակում արդարադատության նախարարին»։











