Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու մեջ մեղադրվող Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հետաձգվեց մի քանի ժամով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, դատական նիստերի դահլիճը փոխելուց հետո դատավորը հայտարարեց, որ նիստը կկայանա 15:00-ին:
Դահլիճի մոտ հավաքված քաղաքացիները, որոնք դահլիճի փոքր լինելու պատճառով չէին կարողանում ներս մտնել, չեն հեռանում դատարանի մոտից: Նրանք պահանջում են 15:00-ին դատական նիստն անցկացնել ավելի մեծ դահլիճում, որպեսզի բոլորով կարողանան ներկա գտնվել:
Հիշեցնենք, որ այսօրվա դատական նիստից առաջ մոտ երկու տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմկերպել դատարանի շենքի առջեւ: Նրանք նիստի մեկնարկին մտել էին դահլիճ, աղմուկ բարձրացրել այն բանից հետո, երբ նիստն սկսել էր առանց Հայկ Կյուրեղյանի: Նիստն ընդմիջվել էր, տեղափոխվել այլ՝ ավելի փոքր դահլիճ:
Նշենք, որ այսօր, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի Հայկ Կյուրեղյանի գործով դատավճիռը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: Դատախազը պահանջել է 14 տարվա ազատազրկման դատապարտել նրան:











