Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին եւ շուրջ 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին: 2013թ. մեկնարկած օլիմպիական ավանի շինարարությունը ավարտին կհասցվի 2015թ. սեպտեմբերի վերջին:

Շենքի շահագործումից հետո այստեղ կտեղափոխվի նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը: Մարզաբազայում շրջայցի ժամանակ Հանրապետության նախագահին ներկայացրել են ըմբշամարտի, ձյուդոյի, թեքվանդոյի, բռնցքամարտի, ծանրամարտի եւ խաղային մարզաձեւերի մարզադահլիճներն ու դրանց հնարավորությունները, սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության կենտրոնները:

Նշվել է, որ օլիմպիական ավանի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող հավաքական թիմերի կենտրոնում գործելու են մենապայքարային, ուժային, խաղային, ինչպես նաեւ ջրային մարզաձեւերի դահլիճներ, իսկ հյուրանոցային մասնաշենքը նախատեսված է լինելու մոտ 320 մարզիկի համար: Մասնագիտացված մարզադահլիճներից բացի, մարզաբազայում գործելու են նաեւ լողավազան, բացօթյա մարզահրապարակներ եւ խաղահրապարակներ: Պատասխանատուների հավաստմամբ, օլիմպիական ավանը կունենա մարզումների համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է Երեւանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ: Կոմբինատի սեփականատեր «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել «Արարատ»-ում, ծանոթացել կոմբինատի արդիականացման ուղղությամբ իրականացված վերակառուցման եւ վերազինման աշխատանքներին, շշալցման նոր հոսքագծերի հնարավորություններին եւ խաղողի մթերումից առաջիկայում ակնկալվող հումքի ծավալներին: Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ թանգարանի վերածված՝ շուստովյան ժամանակաշրջանում կառուցված կոմբինատի վարչական շենք եւ շուստովյան պատմական մառաններ, որտեղ պահպանվում եւ ցուցադրվում են հին տեխնոլոգիաներն ու բաղադրատոմսերը, թանգարանային նմուշներ, արխիվներից վերականգնված հայկական կոնյակագործության դարավոր ավանդույթները: