Ուկրաինայի տնտեսական զարգացման մակարդակը իջել է աֆրիկյան Գաբոնի մակարդակին: Նման տեսակետ է արտահայտել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին՝ «Շուստեր-լայվ» հաղորդման եթերում:
«Ուկրաինայի ՀՆԱ-ն կրճատվել է 184 մլրդ դոլարից մինչեւ 115 մլրդ, այսինքն մենք բնակչության մեկ շնչի ցուցանիշով սրընթաց անկում ենք ապրել մինչեւ Գաբոնի մակարդակը: Ուկրաինան, ամենայն հարգանքով Աֆրիկայի նկատմամբ, դարձել է Գաբոն»,- ասել է նա, հայտնում է Korrespondent-ը:
Սահակաշվիլին նշել է ստվերային տնտեսության մակարդակի զգալի աճ: «Ստվերային տնտեսությունը գործող կառավարության վերջին 1.5 տարվա գործունեության ընթացքում 32-ից 47 տոկոսի է բարձրացել: Ստվերային տնետսությունը աճել է, որքան էլ որ ասեք, թե պայքարում եք: Միջազգային կազմակերպություններն են փաստում, որ ստվերային տնետսությունը աճել է, որ շրջանառում են սեւ փողեր ... սա սպանում է բիզնեսը: Եթե Ուկրաինան այսուհետ էլ զարգանա տարեկան 2-3 տոկոսով, ապա մենք 2013 թ. ՝ Յանուկովիչի կառավարման վերջին տարվա մակարդակին միայն 15 տարի հետո կհասնենք: Եթե երկրում ռադիկալ բարեփոխումներ չլինեն»,- հայտարարել է Օդեսայի շրջանի ղեկավարը ՝ շեշտելով, որ 53 բանկերի փակման պատճառով կորել է մոտավորապես 400 մլրդ գրիվեն (18.5 մլրդ դոլար):











