Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները չեն հավատում, թե հայկական դատարանում սպանության գործի քննությանը Վալերի Պերմյակովից կլսեն իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

«Ինչքան որ ռուսական դատարանում չխոսեց, նույնքան էլ հայկական նիստին չի խոսի: Իրան հեչ պետք էլ չէ, որ խոսա, ինչ որ տվել են գրած,  կկարդա: Ռուսականին էլ գլուխը կախած քնած էր, ինչի Պերմյակով կա՞ր էնտեղ նստած: Ինքը թիկունք ունի, գեներալի պես կպահեն: Դատապարտյալի տեսք չուներ, նստավ դատին, մեր վրա խնդաց ու ելավ»,-  NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը:

Ռիտա Պետրոսյանը Ավետիսյանների մյուս հարազատների հետ այսօր՝ սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի հաջորդ օրը նշվող մեռելոցին այցելել էր  Ավետիսյանների շիրիմին:

Հարազատները նախքան գերեզմանատուն գնալը հավաքվել էին Ավետիսյանների տան մոտ, սակայն ներս մտնել չկարողացան, քանի որ տան դուռը դեռ կապարակնքված է՝ արդեն կրկնակի:

Հարազատների հետ գերեզմատուն էին այցելել նաեւ գյումրեցիներ, նրանք խունկ ծխեցին ընտանիքի 7 անդամների հիշատակին: Ի դեպ, Ավետիսյանների գերեզմանաքարերն արդեն տեղադրված են՝ փոքրիկ Սերյոժայի անունով բացված հաշվեհամարին հավաքված գումարով եւ քաղաքապետարանի միջոցներով:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով: