19-ամյա Նարեկ Մելիքսեթյանը երաժշտական կրթությունը կիսատ թողնելով՝ մեկ տարի առաջ զորակոչվեց բանակ: Նրա սիրելի գործիքը` շվին, որը նվագել էր 10 տարի, բանակում պահանջարկ չուներ, բայց սաքսոֆոնահարի կարիք կար։ Երաժշտությունից չկտրվելու համար Նարեկը դարձավ զորամասի նվագախմբի սաքսոֆոնահարը։

«Սաքսոֆոն նախքան այստեղ գալս պարապել եմ, բայց շվի ավելի շատ եմ սիրում: Ճիշտ է, ամբողջ օրը նվագելու հնարավորություն չկա, բայց էլի լավ է, որ երաժշտության մեջ եմ»,- ասում է Նարեկը:

Ի տարբերություն շեփորահարի, բարիտոնահարների, թմբկահարների, Նարեկի սաքսոֆոնը միշտ չէ, որ նվագախմբի կազմում է։ Փոխարենը, Նարեկի ռեպերտուարն ավելի մեծ է։ Օրհներգից ու քայլերգերից բացի Նարեկի սաքսոֆոնի շնորհիվ նվագախումբը իմպրովիզներ է անում` քաղաքային շանսոն, պոպուլյար հիթեր, Happy Birthday, Jingle Bells։

«Մեկ-մեկ, երբ ծնունդ է լինում, զինվորները գալիս, խնդրում են մեզ, որ նվագով շնորհավորենք, մենք էլ, կարճատեւ, իհարկե, բայց կատարում ենք իրենց խնդրանքը»,- պատմում է Նարեկը:

Նվագախմբում լինելը, Նարեկն ասում է` ծառայության ժամանակ արտոնություններ չի տալիս, ճիշտ հակառակը։ Շարային քայլքի կանոններն ավելի դժվար է պահպանել, երբ ձեռքիդ սաքսոֆոն է, կամ ուրիշ երաժշտական գործիք։

NEWS.am-ի նկարահանող խմբի այցելությունից օգտվելով` Նարեկը հերթական անգամ սիրո խոստովանություն է անում սիրած աղջկան, ու երբ բառերն ավարտվում են, ձեռքն է վերցնում սաքսոֆոնը։

Մեկ տարուց Նարեկը կզորացրվի եւ իր սերենադները կնվագի սիրած աղջկա պատուհանի տակ։ Եթե կյանքը Նարեկի ուզածով դասավորվի, զորացրվելուց հետո կշարունակի ուսումը Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ժողգործիքային բաժնում, աշխատանք կգտնի ու կամուսնանա։ Իսկ երբ գա ժամանակ, ու նրա սրնգի հնչյունները լսվեն ոչ միայն սիրելիի պատուհանի տակ, այլեւ մեծ բեմերում, Նարեկն իր այսօրվա բոլոր երազանքներն իրականացրած կհամարի։